Home / Տեսանյութեր / ԵԽԽՎ զեկուցողներից կպահանջեն պատժել հայաստանցի օլիգարխներին

ԵԽԽՎ զեկուցողներից կպահանջեն պատժել հայաստանցի օլիգարխներին

Հայաստանցի մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ կոռումպացված պաշտոնյաների ցուցակ են պատրաստում՝ նպատակ ունենալով այն հանձնել ԵԽԽՎ զեկուցողներին, երբ վերջիններս Հայաստան գան:

Ցուցակի հետ միասին քաղաքացիները պահանջելու են նշված մարդկանց նկատմամբ  որոշակի պատժամիջոցներ կիրառել: Այս նախաձեռնության անդամներից մեկը՝ հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, Epress.am-ին հայտնել է, որ ցուցակում ընդգրկված են ՀՀ հանցագործ օլիգարխների ու կաշառակերի, ինչպես նաև մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների անուններ։

«Մենք պահանջում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ օլիգարխ–պաշտոնյաների երեխաների և բարեկամների նկատմամբ այլ երկրների մուտքի վիզաների արգելք, սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։  Մենք դեռ շարունակելու ենք աշխատել այդ ցուցակի վրա և հանցագործ օլիգարխների ու կոռումպացված պաշտոնյաների ցանկը կընդլայնվի, քանի որ այս երկրի հիմնական խնդիրը հանցագործներից ազատագրումն է»,- ասել է Զառա Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ օլիգարխների անուններով ցուցակը կհրապարակեն, երբ այն վերջնական տեսք ստանա:

Լուսանկարը՝ blog.hetq.am