Վրաստանյան մամուլի հրապարակումները, թե ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացի Ալլահվերդի Փելենգովին Հայաստանում խոշտանգել են, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Պելենգովի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը:
Բուրմա գյուղի բնակիչ 44-ամյա Ալլահվերդի Պելենգովը օգոստոսի 17-ին բերման է ենթարկվել հայ սահմանապահների կողմից ու պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:
«Նրա վիճակը շատ լավ է: Նա իրեն մեղավոր է ճանաչել իրեն առաջադրած հոդվածով սահմանված արարքը կատարելու մեջ: Հետաքննությունը շարունակվում է»,- մեզ հետ զրույցում ասել է փաստաբանը:
Այլ հարցերի Սաֆարյանը հրաժարվել է պատասխանել՝ խորհուրդ տալով զանգահարել քննիչին:
Վրաստանի քաղաքացու պաշտպանությամբ զբաղվում է Պելենգովի պաշտպանության հանրային խորհուրդը, որը ստեղծվել է Թեքալի գյուղում՝ սեպտեմբերի 14-ին կայացած իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողնեի ու տեղի բնակիչների քննարկման արդյունքում: Այս կառույցը այնքան էլ լավատես չէ կալանավորվածի վիճակի հարցում. Պելենգովը զրկված է տեղեկատվություն ստանալու իրավունքից: Խորհուրդը բազմիցս դիմել է ԱԱԾ-ին՝ Պելենգովի հետ հանդիպում խնդրելով, սակայն մերժում է ստացել:
Ինչպես Epress.am-ին հայտնել է Պելենգովի պաշտպանության հանրային խորհրդի հայաստանյան համադրող, իրավապաշտպան Գեորգի Վանյանը, խորհուրդը դիմել է նաև Հայաստանի և Վրաստանի Արտաքին գործերի նախարարություններին և Արդարադատության նախարարություններին, սակայն այդ գերատեսչություններից ևս որևէ պատասխան չի ստացել:
Վանյանը դեռևս օգոստոսի 22-ին դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ խնդրելով իրավապաշտպանների արագ արձագանքման խմբին ուղարկել այցելելու Պելենգովին: «Միակ բանը, որ օմբուդսմենի ապարատից արել են, զանգել ու ճշտել են ձերբակալվածի ազգությունը»,- ասել է իրավապաշտպանը:
Նշենք, որ մինչ այժմ ձերբակալվածին թույլ են տվել հանդիպել միայն իր եղբորորդու հետ: Ըստ իրավապաշտպանի՝ Պելենգովին ձերբակալել են այնտեղ, որտեղ, ըստ էության, սահման չկա Հայաստանի և Վրաստանի միջև և որտեղ հայտնված մարդիկ՝ անկախ քաղաքացիությունից, կարող են թիրախ դառնալ:
Վանյանի խոսքով՝ Պելենգովին ձերբակալելը վկայում է այն մասին, որ փորձ է արվում հայ-վրացական սահմանը մտցնել հայ-ադրբեջանական հակամարտության համատքեստի մեջ, և հայկական անվտանգության ծառայությունները չունեն ինքնուրույնություն, որպեսզի այդ գործընթացը կանխեն: