«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հորդորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերանայել իր հայտարարությունը Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու մտադրության մասին: Այս մասին Հակոբյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում՝ ընդգծելով, որ Աբրահամյանի նման մտադրությունը չի վկայում Հայաստանի՝ ժողովրդավար երկիր լինելու մասին:
Հակոբյանը նշել է, որ Արբահամյանը քննարկել է այդ հարցը խմբակցությունների, մասնավորապես, «Ժառանգության» հետ, սակայն իր հայտարարության մեջ չի ներկայացրել խմբակցությունների կարծիքը:
Քանի որ, համաձայն կարգի, ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամին նշանակում է խմբակցությունը, Հակոբյանին հարցրել են, արդյո՞ք իրենք քննարկել են Փոստանջյանին փոխելու հարցը, ինչին ի պատասխան՝ պատգամավորը նշել է, որ այդ հարցը դեռ քննարկվելու է խմբակցությունում:
Այնուամենայնիվ, Հակոբյանն անձնական կարծիք է հայտնել, որ նման բարձր ամբիոնները պետք է օգտագործվեն քաղաքական հարցեր բարձրացնելու համար: Հիշեցնենք, որ Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրել է՝ արդյոք եվրոպական կազինոյում 70 միլիոն տանուլ է տվել: