Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի, նախարարների և պատգամավորների աշխատավարձերը կբարձրանան

Սերժ Սարգսյանի, նախարարների և պատգամավորների աշխատավարձերը կբարձրանան

Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու է՝ 400 հազարից դառնալով 900 հազար դրամ: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։

Բարձրանալու են նաև նախարարների և պատգամավորների  աշխատավարձերը՝ հասնելով 600 հազար դրամի:

Համաձայն խորհրդարան ներկայացված պետբյուջեի նախագծի, աշխատավարձերի համակարգված բարձրացումը սպասվում է 2014 թ. հուլիսի 1-ից։ Այնինչ, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախկինում հայտարարում էր, որ համակարգված բարձրացումը բոլոր ոլորտներում սպասվում է 2014-ի հունվարի 1-ից, իսկ Սերժ Սարգսյանը օգոստոսին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նույնպես խոստացել էր, որ աշխատավարձերը կբարձրանան հունվարի 1-ից:

«ՀԺ»-ի թղթակիցը սոցիալական հանձնաժողովի նախագահին հարցրել է, թե ինչու էին իշխանությունները խաբում ժողովրդին, նա պատասխանել է. «Սա խաբել չէ։ Սա եղած հնարավորությունները ճիշտ գնահատել է։ Եթե մենք ուզենայինք խաբել, կխաբեինք, խաբելու ճանապարհը գիտենք։ Բայց դառը ճշմարտություն ասելը, որ փող չունենք, փաստ է, դա մեր դառը ճշմարտությունն է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում