Home / Հայաստան / «Հայկական հետք» Ադրբեջանի նախագահի թեկնածուների բանավեճում

«Հայկական հետք» Ադրբեջանի նախագահի թեկնածուների բանավեճում

Ադրբեջանի հանրային հեռուստատեսության եթերում նախագահի թեկնածուների եզրափակիչ 9-րդ բանավեճը կրկին անցել է առանց գործող նախագահ Իլհամ Ալիևի մասնակցության:

Իշխանության ներկայացուցիչների կողմից հարձակումների գլխավոր օբյեկտ, Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին Ալիևի բացակայության մասին ասել է, որ «ընտրողները մեծ բան չեն կորցրել, քանի որ ինտելեկտի առումով Ալիևը շատ չի տարբերվում իրեն ներկայացնող վստահված անձանցից»:

Ինչպես հայտնում է Contact.az-ը, Հասանլիի այս հայտարարությունը վրդովեցրել է «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևին, ով Հասանլիին հերթական անգամ անվանել է «հայի աներ»:

Ընդդիմադիր գործիչը, սակայն, հիշեցրել է, որ 1996 թվականին Հաջիևին ձեռրբակալել էին այն բանից հետո, երբ նա հայտարարել էր, որ Ալիևի մայրը հայ է: Դրանից հետո, ըստ Contact.az-ի, Հաջիևը կարմրել ու նյարդայնացել էր, իրեն հատկացված ժամանակահատվածում խոսել կարճ նախադասություններով՝ ամբողջ ընթացքում նույն բանը կրկնելով՝ «Հասանլին, Ալի Քերիմլին, Իսա Համբարը դավաճաններ են, ժողովուրդը նրանց չի աջակցում», և այլն: Եզրափակելով՝ նա Հասանլիին անվանել է «խուլիգան»:

Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Ալի Ահմեդովը Հասանլիի՝ գործող նախագահի հասցեին արած հայտարարություները զրպարտություն է անվանել ու քաղաքացիներին կրկին կոչ արել քվեարկել Ալիևի օգտին՝ «հանուն հզոր Ադրբեջանի»:

Ինչպես միշտ, Հասանլին ու Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հարձակումների են ենթարկվել նաև թեկնածուներ Զահիդ Օրուջի, Հուդրատ Հասանգուլիևի, Արազ Ալիզադեի կողմից:

Հասանլին մնացած ժամանակահատվածում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը՝ խոստանալով հաղթանակի դեպքում ոսկե համաներում հայտարարել: Բացի այդ, նա խոստացել է երկու անգամ իջեցնել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագները, չեղյալ հայտարարել ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ սահմանափակումները, երկու անգամ բարձրացնել ուսուցիչների, քաղծառայողների աշխատավարձերն ու թոշակները, 20 անգամ մեծացնել վարկերի ֆոնդը, իջեցնել վարկային տոկոսադրույքները երիտասարդների համար: