2013 թվականին Հայաստանում նկատվել է արտագաղթի զգալի աճ, որը հասել է վերջին տարիների բարձրագույն ցուցանիշին: Համաձայն ՀՀ Միգրացիոն պետական ծառայության տվյալների` 2013թ. հունվար–փետրվար ամիսներին երկրից մեկնողների թիվը կազմել է 272 918, իսկ ժամանողներինը՝ 250 079: Այսպիսով, ընդամենը 2 ամսվա ընթացքում մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 22 839:
Պաշտոնական վիճակագրության տվյալներն ամփոփվում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ներկայացված զեկույցում, որում ուսումնասիրված է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը:
Զեկույցում նշվում է, որ համեմատաբար երիտասարդ և կրթված երիտասարդների շրջանում կատարված հարցումներից մեկի տվյալների համաձայն, տնտեսական դրդապատճառներից բացի, արտագաղթելու որոշումը պայմանավորված է նաև մասնագիտական աճի և զարգացման հնարավորությունների պակասով, ինչպես նաև իրավունքի պաշտպանության, ժողովրդավարության և կառավարման ավելի բարձր մակարդակ ունեցող հասարակություններում ապրելու ցանկությամբ:
Հարցվածների շուրջ մեկ երրորդը նախատեսում է լքել երկիրը հաջորդ երկու տարվա ընթացքում:
Արտագաղթել ցանկացողները որպես իրենց որոշման պատճառներ նաև առանձնացնում են հետևյալ խնդիրները՝ բիզնեսների կենտրոնացումը և մենաշնորհը, դատարանների անկախության մակարդակի կասկածելի լինելը, կրթական համակարգի խնդիրները:
Հետազոտության հեղինակները նշում են, որ արտագաղթողների զգալի մասը մեկնում է Ռուսաստան, ընդ որում՝ «Հայրենակիցներ» ծրագրով:
«Վերջին չորս տարվա ընթացքում 26 000 հայաստանցի է դիմել այդ ծրագրին: Նրանցից 1 500-ը հրաժարվել են հայաստանյան քաղաքացիությունից և մեկնել Ռուսաստան»,- ասված է զեկույցում:
Արտագաղթի աճի միտումների հետ մեկտեղ՝ նվազում է ծնելիության մակարդակը: Հայաստանում 2010 թվականին ծնելիության ցուցանիշը կազմել է 1.7 երեխա մեկ կնոջ հաշվով, ինչը վկայում է ժողովրդագրական անկման մասին: ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի՝ 2009թ. հետազոտության արդյունքների համաձայն` Հայաստանում հարցված 1139 ընտանիքների 68,3%-ը չի ծրագրում երկրորդ երեխան ունենալ, 16,4%-ը` ցանկանում է դա անել, իսկ 13,6%-ը` չի կարողացել պատասխանել հարցին: Հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխա չունենալու հիմնական պատճառներն են ֆինանսական խնդիրները և ապագայի հանդեպ անորոշության զգացումը: