Home / Տեսանյութեր / Դատավորը չի ցանկանում բաց թողնել Առաքելյանին. վերջինս ասել է, որ կհրաժարվի համաներումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատավորը չի ցանկանում բաց թողնել Առաքելյանին. վերջինս ասել է, որ կհրաժարվի համաներումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱԿ 4 ակտիվիստների գործով այսօրվա դատական նիստին վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանը կրկին հրաժարվել է քննել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Դարբինյանը նշել է, որ Առաքելյանի պաշտպանները կարող են այդ միջնորդությունը նեկրայացնել դատական ճառերի փուլում:

Արձագանքելով դատավորի որոշմանը՝ նիստից հետո ակտիվիստերի շահերը պաշտպանող Ստեփան Ոսկանյանն ասել է, որ այդ հայտարարությամբ դատարանը կաշկանդում է իրենց, քանի որ պաշտպանները պետք է ժամանակ խնդրեն ճառին պատրաստվելու համար, մինչդեռ այդ ընթացքում Առաքելյանը շարունակելու է անազատության մեջ մնալ:

Առաքելյանին դատարանի որոշումը զայրացրել է, նա հայտարարել է, որ կհրաժարվի համաներումից՝ հավելելով, որ իրեն արդարացման վճիռ է պետք, և այդ վճռին կհասնի այս կամ մեկ այլ դատարանում: Քաղբանտարկյալի խոսքից հետո դահլիճում նստածները սկսել են դատավորների հասցեին վանկարկել «Ամոթ, ամոթ», ինչից հետո դատավորները հեռացել են դահլիճից:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Առաքելյանի՝ համաներումից հրաժարվելու մասին խոսքերը պարզապես բողոքի արտահայտում էին, և համաներմամբ ազատ արձակվելը խոչընդոտ չէ, որպեսզի արդեն ազատության մեջ գտնվելով՝ բողոքարկել վճիռը և հասնել արդարացման:

Այսօր դատարանում հարցաքննվել է որպես տուժող անցնող ոստիկան Շահեն Հարությունյանը: Դեռևս նախորդ նիստին Տիգրան Առաքելյանը միջնորդել էր դատարան կանչել ոստիկանին, քանի որ հայտնվել է ապացույց, որը հակասում է նրա՝ առաջին ատյանի դատարանում տված ցուցմունքին: 

«Վիվասել-ՄՏՍ» ընկերության տրամադրած արձանագրության համաձայն՝ Հարությունյանի հեռախոսից դեպքի օրը երեկոյան՝ 23.00-ի սահմաններում զանգեր են կատարվել, մինչդեռ նա հայտարարել էր, որ դեպքի ընթացքում է հեռախոսը կորցրել՝ կորցրել է 21.30-ի սահմաններում: Բացի դա, նա ասել էր, որ համարը վերագրանցվել է դեպքից երկու օր հետո, մինչդեռ նման փոփոխություն արվել է երկու տարի հետո:

Այս Հարությունյանը հարցերին հիմնականում պատասխանում էր «չեմ հիշում», «չգիտեմ»: Առաքելյանը հարցրել է Հարությունյանին՝ արդյո՞ք հնարավոր է, որ հեռախոսը կորեր, բայց չկորեր քարտը, ինչին ի պատասխան ոստիկանն ասել է՝ այո, հնարավոր է, քանի որ ինքը մշտապես հանում էր և հետ դնում այն:

Ցուցմունքից հետո ոստիկանները ցուցում են տվել Շահեն Հարությունյանին տանել Առաքելյանի մոտ, ինչը խախտում է, քանի որ ուղեկցող գումարտակն իրավունք չուներ տուժողին ցուցում տալ, թե որտեղ գնա, ինչպես նաև տանել մեղադրյալի մոտ:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, նիստից առաջ ևս մեկ խախտում է գրանցվել: Դատարանի մուտքի մոտ ծառայություն իրականացնող կարգադրիչները հրաժարվել են ներս թողնել ՀԱԿ ակտիվիստների աջակիցներին և դատարանի դահլիճ են թողել միայն լրագրողներին և մեղադրյալների հարազատներին:

Կարգադրիչները պատճառաբանել են, որ դահլիճում տեղ չկա, սակայն մեր թղթակիցը փաստել է, որ ազատ տեղեր եղել են:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Կարապի լճի մոտ 2011-ի օգոստոսին տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Առաքելյանը և նրա պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են գործում առկա խախտումների մասին: