Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտակայքում անհայտ անձի կողմից «Նախախորհրդարան» նախաձեռնությանը պատկանող Ford transit ավտոմեքենայի և նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի անվադողերը պատռելու հետ կապված Արաբկիրի ոստիկանության բաժինը քննություն է վարում: Այս մասին այսօր Еpress.am-ին հայտնել է ոստիկանության լրատվական բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը:
Նշենք, որ միջադեպը գրանցվել է երեկ՝ «Բոյկոտենք «Երևան սիթի» սուպերմարկետները» ակցիայի ժամանակ:
«Նախախորհրդարան»-ի համակարգող, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նշել է, որ, երեկ երեկոյան, նկատելով վնասված անվադողերը, իրենք անմիջապես տեղեկացրել են Արաբկիրի ոստիկանությանը, սակայն ոստիկանները դեպքի վայր են ժամանել 20 րոպե անց:
«Երբ զանգահարեցինք, ոստիկանությունից մեզ ասացին, որ միգուցե մերոնք են դա արել: Մենք շատ զարմացանք, բայց հետո մեր ընկերները արդեն գրավոր դիմեցին ոստիկանություն, իրենք էլ եկան, չափագրումներ արեցին, հետոն արդեն հայտնի չէ»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է Խզմալյանը:
Epress.am-ի հետ զրույցում Կարո Եղնուկյանն նշել է, թե ոստիկանությունն արդեն նայել է հարևանությամբ գտնվող խանութի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը:
Նրա խոսքով՝ մեքենաների անվադողերը պատռողի արտաքին տեսքը ոստիկաններին արդեն պարզ է՝ կեպիով մի երիտասարդ է: Նրա անձը, սակայն, դեռևս պարզված չէ: Եղնուկյանի կարծիքով՝ կատարվածը իրավապահ մարմինների անգործության հետևանք է և շատ լուրջ նախազգուշացում՝ ուղղված իր անձին:
«Սա Ալեքսանյանի (ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Երևան Սիթի»-ի սեփականատեր) կողմից հրահրված ատելության շարունակությունն է. սեպտեմբերի 2-ին, երբ Փակ շուկայի պատին փակցրեցին իմ նկարը, հաջորդ օրը «Նախախորհրդարանը» հարցի վերաբերյալ հայտարարություն տարածեց, այնուհետ նամակներ եմ գրել թե Ալեքսանյանին, թե Հովիկ Աբրահամյանին, թե ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանին, թե գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա: Անվտանգությունս ապահովելու խնդրանքով բազմաթիվ դիմումներ եմ ներկայացրել ոստիկանություն, սակայն վերջիններս անգործության են մատնված: Հարցնում եմ՝ «ի՞նչ է, սպասում եք, որ ինձ մի բան պատահի, նո՞ր ասեք, թե՝«կներեք, ուշացանք», – ասել է նախաձեռնության անդամը:
Եղնուկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածն իր մեջ շատ լուրջ վտանգ է պարունակում:
«Այն, որ 4 անիվները 2 անգամ են ծակել, ուղղված է իմ մարմնին: Սա զգուշացում է, որ՝ «պարոն Եղնուկյան, այս անգամ ձեր անվադողերն են, մյուս անգամ կլինի ձեր մարմինը», -եզրափակել է Եղնուկյանը: