Հայաստանում գործունեություն ծավալող տասնյակ փաստաբաններ ակցիա են նախաձեռնել, որի նպատակն է պայքարել փաստաբանների վրա դրվող նոր պետական տուրքի դեմ:
Երեկվանից արդեն մի քանի փաստաբաններ Facebook սոցիալական ցանցի իրենց էջերում արդեն տեղադրել են հետևյալ հայտարարությունը.
«Հարգելով փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը` ոչ եմ ասում պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող` ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին:
Հայտարարում եմ, որ չեմ հաշվառվելու պետական մարմնի կողմից վարվող գրանցամատյանում և չեմ վճարելու պետական տուրք: Պահանջում եմ ՀՀ փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել», – սա է հայտարարության տեքստը, որը ստորագրում և հրապարակում են փաստաբանները:
Հիշեցնենք, որ օրենքում փոփոխություն կատարել առաջարկում է ՀՀ կառավարությունը:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում երեք փաստաբաններ խոսել էին նոր տուրքի անընդունելի լինելու մասին, իսկ Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը նախաձեռնությունը «պետական ռեկետ էր» անվանել: