Ռուսաստանյան Պոդոլսկի մոտ հուլիսին տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանն օրերս տեղափոխվել է մեկ այլ կալանավայր: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Դստեր խոսքով՝ Հարությունյանի առողջականն այս պահին նորմալ է, նա իրեն լավ է զգում:
«Ուղղակի պետք է սպասենք դատավարությանը, որը կկայանա դեկտեմբերի 14-ին, հետո տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Լիլիթը:
Վերջինս չգիտեր, թե որ կալանավայր են տեղափոխել հորը: Մեր թղթակիցն այդ հարցով դիմել է ՄԻ պաշտպանի գրասենյակի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանի հետ, ով նշել է, որ թարմացված ամբողջ տեղեկատվությունն իրենք ստանում են Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանից:
«Իրավիճակը հետևյալն է՝ առողջական վիճակի բարելավումով պայմանավորված՝ Հարությունյանը «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանից տեղափոխվել է Բուտիրկա: Այժմ անցկացվում են նախաքննական ցուցմունքները ու, իհարկե, սպասում ենք փորձաքննության վերջնական արդյունքներին: Հավանաբար, մեկ ամիս էլ կձգվի, քանի որ շատ հարցեր կան, որոնք պետք է պարզվեն՝ ոչ միայն արգելակների խնդիրն է, այլև բազմաթիվ խնդիրներ, որոնք, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեմ կարող հրապարակել», – ասել է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլկսի մոտ Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶի» արգելակները շարքից դուրս են եկել, բեռնատարը կողաշրջվել է և հարվածել ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են: Առաջադրված մեղադրանքով Հարությունյանին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Հարությունյանն ինքն էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան այդ վիճակում անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով դատարանի դահլիճ են բերել, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: