Կանանց ռեսուրսային կենտրոնի ու Zaruhi.com կայքի միջև նախորդ տարվանից ծագած վեճը մինչ այժմ շարունակում է մնալ չլուծված: Կազմակերպությանը վիրավորանքներ հասցրած Zaruhi.com-ի խմբագրակազմը հրաժարվում է կայքում հոդված հրապարակել ու ներողություն խնդրել:
Խնդրո առարկան 2012 թվականին Zaruhi.com կայքում Կանանց ռեսուրսային կենտրոնի մասին հրապարակված հոդվածն է եղել, որում Zaruhi.com-ի լրագրող Ռուսլան Թաթոյանը Կանանց ռեսուրսային կենտրոնին, մասնավորապես, անվանել է «գրանտակեր», «ընտանիք քանդող»:
Կանանց ռեսուրսային կենտրոնը դատարան է դիմել՝ կայքից և լրագրողից հերքում պահանջելով զրպարտանքի և արժանապատվությունը վիրավորելու համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը՝ համարելով, որ վիրավորանքի փաստն ակնհայտ է: Դատարանը նաև փոխհատուցում է նշանակել՝ 50 հազար դրամի չափով: Այնուհետև Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանատու է միայն լրագրողը, իսկ կայքը կատարվածի համար պատասխանատվություն չի կրելու:
«Ստացվեց մի իրավիճակ, երբ պետք է ներողությունը հրապարակվեր կայքում, բայց քանի որ պատասխանատուն միայն լրագրողն է, ուստի բացակայում է դրա իրական հնարավորությունը՝ լրագրողը մուտք չունի այդ կայք, առավել ևս, որ նա այնտեղ չի աշխատում: Լրագրողն այս պահին պատրաստ է ներողությունը հրապարակել, սակայն կայքը թույլ չի տալիս առանձին հոդված հրապարակել և լավագույն դեպքում առաջարկում է դա մեկնաբանության (քոմենթի) տեսքով դա անել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը: Նա ասել է, որ հարցի լուծման միակ տարբերակը իրենք արդեն առաջարկել են՝ կայքում հերքում տպագրել, ինչից հետո փաստացի հարցը փակված կհամարվի:
Փիլիպոսյանի խոսքով՝ Zaruhi.com-ի նախկին տնօրեն, ներկայումս ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով մինչ այժմ փաստացի խմբագրական խորհրդի նախագահն է, դեպքից հետո կենտրոնի դեմ սկսել է որոշակի քայլեր ձեռնարկել՝ վարկաբեկումներ, վիրավորական արտահայտություններ, մինչև անգամ կազմակերպության դեմ շինծու մեղադրանքներով դիմել է ոստիկանություն:
«Լարված իրավիճակ է կոնկրետ այդ անձի հետ, ու դրա արդյունքում էլ կայքը չի համաձայնում կամավոր հիմունքներով հրապարակել ներողությունը: Ամեն դեպքում մենք ունենք վիրավորանքը հաստատող վճիռը, պարզապես դատարանը մի քայլի պատճառով պատասխանողների ցանկից դուրս թողեց կայքին, ու վճիռը փաստացի չի կատարվում: Օրենքը պահանջում է, որ ներողությունը պետք է հրապարակվի նույն ձևով և նույն տեղում, որտեղ եղել է հոդվածը», – ասել մեր զրուցկիցը:
Փաստաբանը նշել է, որ ակնհայտ է օրենքի բացը՝ գործերը դատարան մտնելուց մեծ աղմուկ են հանում, բայց դատարանի վճիռները շատ դեպքերում չեն իրականացվում, քանի որ բացակայում են դրանց կատարման եղանակները:
Թեմայի շուրջ Epress.am-ի թղթակիցը զրուցել է նաև լրագրող Ռուսլան Թաթոյանի հետ, ով նշել է, թե ի սկզբանե հոդվածը նախատեսված է եղել տպագրել «Իրավունք» թերթում, քանի որ ինքն այդ թերթի աշխատող էր:
«Այն, որ հոդվածը տպագրվեց Zaruhi.com-ում, արդեն իմ մեղքով չի եղել, թեև Zaruhi.com-ը պատկանում էր «Իրավունքին»: Դատական պրոցեսն ընթացել է Zaruhi.com-ի դեմ, մինչդեռ ես թերթի լրագրող էի: Ես մարտ ամսին դուրս եկա աշխատանքից, հետո տեսա վճիռը՝ թե ֆինանսական, թե նյութը տեղադրելու պահանջը ինձ են ներկայացրել: Ես ոչ մի լծակ չեմ ունեցել՝ ինչպե՞ս կարող էի թերթի նյութը տեղադրել կայքում, կամ էլ առանց խմբագրի գիտության: Եթե կա դատական պրոցես, որը որոշում է կայացրել, ուրեմն պետք է կատարվի: Ես երբևէ չեմ ուզեցել վիրավորել կենտրոնին, կանանց, բաներ կան, որոնց հետ համամիտ եմ կամ ոչ, բայց հոդվածում որակումներ կային, որոնց հետ կապ չեմ ունեցել: Զարմանալիորեն միայն ես մնացի որպես պատասխանող կողմ, և նրանք էլ ձեռքները լվացին», – ասել է Թաթոյանը:
Լրագրողի խոսքով՝ ինքը նույնպես տարբերակներ է փնտրում ներողությունը հրապարակային տպագրելու և անհեթեթ քաշքշուկից ձերբազատվելու համար: