Home / Հայաստան / Կարեն Կունգորցևը քանդել է բերանի կարերը փաստաբանի հորդորով

Կարեն Կունգորցևը քանդել է բերանի կարերը փաստաբանի հորդորով

«Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող 22-ամյա Կարեն Կունգորցևը, ով մեղադրվում է 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ, քանդել է բերանի կարերը: Կունգորցևը բերանը կարել էր անցյալ շաբաթվա վերջին՝ բողոքելով իր նկատմամբ դրսևորած անօրինականությունների դեմ:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման մեջ նշվել է, որ երիտասարդն ընդունել է իր մեղքը, մինչդեռ նա պնդում է, որ նման բան չի եղել և Հովակիմյանի սպանության հետ ինքը կապ չունի:

Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Պապիկյանը Epress.am-ի հետ զրույցում ընդգծել է, որ ինքն է խորհուրդ տվել երիտասարդին քանդել բերանը: Պապիկյանի խոսքով՝ ինքը դեռևս ոչ բոլոր փաստաթղթերն է ստացել քննիչից, այժմ ուսումնասիրում է ձեռքի տակ եղած թղթերը: Այս պահին եղած փաստերը քննելով՝ փաստաբանը նշել է, թե համոզմունք ունի, որ Կարեն Կունգորցևը մեղավոր չէ: 

Պապիկյանը նաև նշել է, որ երկու կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել Կունգորցևի հետ, իսկ երրորդ հանդիպումից հետո, երիտասարդը պատրաստ կլինի ցուցմունք տալ: