Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացած դատական նիստի ընթացքում «բանդայի գործով» անցնող ամբաստանյալ, 19-ամյա Քյարամ Ամոյանի ինքնազգացողությունը վատացել է: Ոստիկանները նրան դատական նիստերի դահլիճ են բերել գրկած, քանի որ Ամոյանն ինքնուրույն չի կարողացել քայլել:
Նիստի ընթացքում Ամոյանի վիճակը էլ ավելի է վատացել, երկու անգամ շտապ օգնություն է եկել, բժիշկներն իջեցրել են ճնշումը, սակայն ասել, որ նրան ստացիոնար բուժում է անհրաժեշտ: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ ամբաստանյալի վիճակը վատացել է ոստիկանությունում ծեծի ենթարկվելուց հետո, նա կալանքի տակ լինելու ընթացքում 3 անգամ ինսուլտ է տարել:
Ինչևէ, դատական նիստը չի հետաձգվել, այլ ընթերցվել են քրեական գործով ձեռք բերված հեռախոսներից կատարած զանգերի գրավոր վերծանումները: Նշենք, որ նախագահող Մխիթար Պապոյանի այն հարցին, թե որ նյութերն է ցանկանում հրապարակել՝ մեղադրողը հենց հեռախոսազանգերի հատորն է ընտրել:
Հրապարակումից հետո հայտարարությամբ է հանդես եկել ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա ասել է, որ այդ զանգերի ուսումնասիրման ձևը վկայում է, որ նախաքննական մարմինը նպատակ է ունեցել մեղադրել բոլոր ամբաստանյալներին, այլ ոչ թե ճշմարտությունը վերհանել:
«Դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսների զանգերից հաղորդագրություններից չի բացահայտվում որևէ ապացույց: Նախաքննական մարմինը պետք է հարցում աներ և պարզեր օպերատորներից, թե ում են պատկանել այդ հեռախոսները: Դրանցում ընդամենը նշված էր, թե որ հեռախոսահամարից ինչ համարի են զանգեր կատարված», – Epress.am-ին ասել է Արսենյանը:
Մյուս պաշտպանները սպասում են իրենց ճառերի ժամանակին՝ մեղադրողի գործողություններին անդրադառնալու համար:
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան:
Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին ասել է, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն: