Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, երբ ամռանը ակցիաներից հետո ստիպված եղավ իջեցնել ուղեվարձը, նոր թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի դա, ցուրտ կլինի և երիտասարդները փողոց դուրս չեն գա։
«Ընդ որում, մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի և իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու։ Ու թեև քաղաքական որոշումը կայացված է համարվում, իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ իր հաշվարկները կարող են չաշխատել և տրանսպորտը թանկացնելու որոշումը սոցիալական բունտի պատճառ կդառնա», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում