Ռուսաստանցի չինովնիկը համոզված է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը հնարավոր է վերականգնել:
ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են երկու երկների միջև տրանսպորտային խնդիրները, մասնավորապես, Հայաստանին տրանսպորտային շրջափակումից հանելու հարցը: Հանդիպումից հետո ասուլիս են տվել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և ռուսաստանյան կողմի միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը:
Վերջինս ասել է, որ տրանսպորտային շրջափակման, այն է՝ երկաթուղային հաղորդակցության հետ կապված գլխավոր խնդիրը Վրաստանից քաղաքական որոշում ստանալն է: Վրաստանը պետք է թույլ տա իր տարածքով և Աբխազիայիով անցնող երկաթգծի վերակառուցումը: Երկաթգիծը պետք է Հայաստանը միացնի Ռուսաստանի հետ:
Ըստ Ռիժկովի՝ աշխատանքները մեծ ծախսեր են պահանջելու, քանի որ Աբխազիայում գտնվող կամուրջը, որով անցնելու է երկաթգիծը, վնասված է, և որոշ տարածքներ դեռ ականապատ են, սակայն որքան էլ դա արժենա, պետք է հաղորդակցությունը վերականգնվի:
«Գիտենք, որ Վրաստանը կոշտ դիրքորոշում ունի, սակայն հիմա իշխանափոխություն է տեղի ունցել, գուցե, համաձայնության գալը հնարավոր լինի: Այդ ուղղությամբ պետք է աշխատանի ոչ միայն ռուսական կողմը, այլև հայկականը»,- ասել է Ռիժկովը:
Հեմինե Նաղդալյանը, անդրադառնալով տրասնպորտային կապի վերականգմանը, ասել է, որ շուտով հայ պատգամավորները հանդիպելու են Վրաստանի պատվիրակների հետ և նրանց հետ հարցը ևս կքննարկեն: