Դատական անարդարությունների դեմ պայքարող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը կրկին նստացույց է սկսել նախագահական նստավայրի մոտ՝ այս անգամ իր մանկահասակ երեխաներից մեկի հետ: Նա երեկ նամակ է ուղարկել նախագահի աշխատակազմին և Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Epress.am-ի հետ զրույցում Խուդոյանն ասել է, որ նամակի ստացման օրվանից կարելու է բերանը և սկսելու է մեկշաբաթյա հացադուլ:
«Ես իմ արյունով պահանջելու եմ ձեզ հետ հանդիպում: Երակներս եմ կտրելու: Եթե դուք այդքանից հետո չհանդիպեք ինձ, ուրեմն ՀՀ նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը գիտեն հանցագործության մասին ու ոչ մի միջոցներ չեն ձեռնարկում հանցագործների նկատմամբ»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասել է Խուդոյանը:
Խուդոյանի պնդմամբ, իր ընտանիքի դեմ ուղղված ապօրինությունները կազմակերպում և ղեկավարում է փաստաբան Կարեն Պետրոսյանը, ով իր քրոջ՝ Մարետա Քալաշյանը դստեր ամուսինն է։ Քույրը կեղծված կտակի համաձայն ևս փրրձում է տան մի մասը իրեն վերցնել, ասում է Աշոտը։ Իր խոսքերվ, փաստաբան Պետրոսյանին այդ գործում օգնում է իր հորեղբոր որդին՝ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը, ով մինչև 2008 թվականը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էր։ Ըստ Խուդոյանի, այդ հանցավոր օղակի մասն է կազմում նաև Արմավիվրի մարզի առաջին ատյանի դատարանի ներկա նախագահ Հրաչիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Խուդոյանը նախկինում մի քանի անգամ նստացույց արել է նախագահական նստավայրի մոտ՝ ողջ ընտանիքով, այդ թվում նաև 4 մանկահասակ երեխաների հետ: Իսկ վերջին նստացույցն ընդհատվել է, քանի որ երեխաները հիվանդացել էին, ապա մի քանի օր անց մահացել էր եղբայրը:
Խուդոյանի խոսքով՝ իր տան կտակի քննությունը միակողմանի է անցնում, նախաքննական մարմինը հրաժարվում է ուսումնասիրել փաստերը և կեղծիքը թույլ տված անձանց պատասխանատվության կանչել: Խուդոյանը համոզված է, որ իր պապի կտակը կեղծելու հարցում մասնակցել է ոչ միայն իր քույրը, այլև պետական կառույցների աշխատակիցներ, այդ թվում՝ կադաստրի աշխատակիցները, և նախաքննական մարմինը չի ցանկանում անկողմնակալ քննություն իրականացնել: