Այսօր ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կարծիք է հայտնել, որ այս բյուջեն ենթադրական բյուջե է, քանի որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք դրանում ընդգրկված միջազգային վարկերը կտրամադրվե՞ն Հայաստանին, թե՞` ոչ: Պատգամավորի մտահոգությունը կապված էր Մաքսային միություն մտնելու որոշման և ՀՀ օրենսդրությունը ՄՄ-ին համապատասխանեցնելը «ափալ-թափալ կատարելու» ցանկության հետ:
«Հայտնի է, որ մեր տնտեսությունը ավելի լիբերալ է, մաքսատուրքերն ավելի ցածր են: Հիմա գնում ենք այն, ինչ ուզում ենք, շուտով ստիպված կլինենք գնել այն, ինչ մեզ դեմ կտան: Ի դեպ, ցանկանում եմ շնորհավորել մեզ բոլորից, որ Ուկրաինան հետաձգել է Ասոցացման պայմանագրի ստորագրումը, մի քիչ փրկում է մեր դեմքը: Ձեր բյուջեում հաշվարկված են եվրոպական սպասվելիք ներդրումները, բայց կարելի է վստահ լինել միայն ընթացիք ծրագրերի ֆինասնավորման վրա»,- ասել է Արզումանյանը:
Ի պատասխան` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել է, որ 2014 թվականի բյուջեի նախագիծն ընդամենը բյուջեի նախագիծ է:
«Վարկերի մասով համաձայն չեմ կարող լինել: Ես խորապես համոզված եմ, որ մեր եվրոպական գործընկերները ոչ թե ձևն են կարևորում, այլ բովանդակությունը, ուստի մեր որոշումից հետո չեն դադարեցնի ֆինանսավորումը»,- ասել է Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` Հայաստանում «կամ, կամ» անընդհատ կրկնելը (նկատի ունի հայտարարությունները, թե Մաքսային միությունը համատեղելի չէ Եվրաինտեգրման հետ) չի օգնելու գործին: