Home / Հայաստան / Կալանավորված բժշկին օգնելու համար արհմիությունը դիմել է իշխանություններին

Կալանավորված բժշկին օգնելու համար արհմիությունը դիմել է իշխանություններին

Բժշկական Ազատ-անկախ արհմիությունը պահանջում է փոխել օրերս ձերբակալված բժիշկ Վահագն Մադոյանի նկատմամբ խափանման միջոցը՝ չբացակայելու մասին ստորագրությամբ: Այս դիմումով արմիությունը դիմել է ՀՀ առողջապահության, արդարադատության նախարարներին, գլխավոր դատախազին, ոստիկականապետին և մարդու իրավունքների պաշտպանին: 

Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի նորաբաց ծննդաբերական բաժանմունքի բժշիկ Մադոյանին մեղադրանք է առաջարդրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ): Այս հոդվածը նախատեսում է նաև տուգանքի ձևով պատիժ:  Ինչպես ավելի վաղ միջադեպի մասին հայտնել էր Galatv.am-ը՝ հղում անելով Մադոյանի գործընկերներին, բժշկին մինչ կալանավորելը ոստիկանները ծեծի են ենթարկել:

«Ոչ միայն կալանավորել են, այլ ծեծել ու հետո են կալանավորել, ու գիտե՞ք ինչու… բժիշկը ցանկացել է իրենց տան դիմացի փողոցից մեքենան բերել ու կայանել իր սեփական ավտոտնակում: Սակայն մի մեքենա՝ մեջը երկու հոգի, իրեն կանգնեցրել են ու ասել, որ խախտում է թույլ տվել: Մեջը եղել են սովորական մեզ նման մարդիկ, սակայն պարզվում է՝ նրանք Գյումրու ոստիկանության բաժնի աշխատողներ են եղել: Դա եղել է գիշերը 10:30-ից հետո: Սրանք հիմա պնդում են, որ վկայական են ցույց տվել, բայց նման բան չի եղել ու բացի այդ, գիշերը ի՞նչ վկայական պիտի լիներ, որ տեսանելի լիներ: Տեղի է ունեցել լեզվակռիվ, որից հետո քաշքշուկ ու ծեծկռտուք, ծեծել են բժշկին ու հետո հոդված դրել վրան»,- ասել են նրանք:

 Մադոյանի գործընկերները պատրաստվում են բժշկին պաշտպանելու համար գործադուլ անել: