Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշեց բավարարել քննիչ Տոնոյանի միջնորդությունը և նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառել դատահոգեբուժական փորձաքննություն՝ նրան տեղափոխելով «Նուբարաշեն» հոգեբուժարան՝ երկու ամիս ժամանակով:
Ինչպես հայտնում է aravot.am-ը, Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասել է, որ սովորաբար դատահոգեբուժական փորձաքննության համար նախատեսվում է 21-24 օր:
Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը: Շանթ Հարությունյանը, ըստ պաշտպան Ինեսա Պետրոսյանի, առարկել է քննիչի միջնորդության դեմ՝ ասելով, որ ինքը հոգեկան հիվանդ չէ: «Առավոտի» թղթակցի հարցին, թե ի վերջո քննիչը միջնորդության հիմքում ի՞նչ է դրել, Պետրոսյանն ասել է, որ 2009 թվականին առկա է եղել փորձագիտական եզրակացություն, համաձայն որի, ճիշտ է, Շանթ Հարությունյանը չի տառապել հոգեկան հիվանդությամբ, սակայն մեղսագրվող արարքի նկատմամբ դատարանը նրան ճանաչել է անմեղսունակ: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո ձերբակալված Շանթ Հարությունյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով:
Այն հարցին, թե ինչպիսի՞ն էր Հարությունյանի առողջական վիճակն այսօր, դատարանում, պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնել է, որ վիճակը կայուն էր: Արդյոք նրա վրա բռնության հետքեր կայի՞ն կամ նրա նկատմամբ բռնություններ կիրառվե՞լ են նախաքննության փուլում, պաշտպանը նշել է, որ Շանթը չի ցանկացել պատմել այդ մասին՝ հայտնելով, որ այդ մասին կխոսի շուտով: Շանթ Հարությունյանը ցուցմունք դեռ չի տվել:
Պաշտպանը նշել է նաև, որ Հարությունյանը դեռևս կտեղափոխվի «Երևան -կենտրոն» ՔԿՀ, իսկ հոգեբուժարան նրան կտանեն մի քանի օրից: