«Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի 4 անդամները պետք է 30.000-ական դրամ վարչական տուգանք վճարեն նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի գրաֆիտին ԱԺ-ի շենքի պատին պատկերելու համար:
Ինչպես Epress.am-ին է փոխանցել «Արտ լաբորատորիայի» ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանը, այս մասին խմբի անդամներին հայտնել է ոստիկանության աշխատակիցը։ Հիշեցնենք, որ գրաֆիտիներն արվել էին նոյեմբերի 10-ին, որից հետո արվեստագետներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի կասկածանքով (գույքը դիտավորությամբ փչացնելը կամ վնասելը)։ Այսօր ոստիկանությունում նրանց հայտնել են, որ գործը կարճվել է՝ վնասը 30.000 դրամը չգերազանցելու պատճառաբանությամբ: Քանի որ ակցիան անցկացրել են 4 արվեստագետներ՝ Արթուր Պետրոսյանը, Արա Պետրոսյանը, Էդգար Ամրոյանը և Կարեն Օհանյանը, ընդհանուր առմամբ, խմբի անդամները պետք է 120 հազար դրամ վճարեն։
Պետրոսյանը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում 120.000 դրամ վճարել և բողոքարկելու են վարչական տուգանքի մասին որոշումը: