Այսօր ժամը 19:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառելու տոնական արարողության ժամանակ բերման են ենթարկվել ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանը և Արմեն Միքայելյանը։
Քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ մի խումբ ակտիվիստներ «Տարոն, սիրուն չի», «Տարոն, թալանչի», «Ամոթ» վանկարկումներով փորձել են մոտենալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով մինչ այդ վառել էր տոնածառի լույսերը։
Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը բարձրախոսով հայտարարել է, որ «այսպես կոչված քաղաքապետը խայտառակում է Երևանը և մարդկանց աչքերին փոշի է փչում»։
«Հանցագործ քաղաքապետեր մեզ պետք չեն։ Դու բացահայտ անօրինականություններ ես թույլ տալիս, իսկ ձեր հանցավոր լռությամբ այսօր մեր հուշարձաններն են քանդում։ Դուք կարող եք միայն խոսել, իսկ գործել չեք կարող։ Մի օլիգարխ, որ ձեզ ստիպեց լռել ու ծնկի գալ, մեր հուշարձանը և փոխարենը պետական բյուջեի միջոցներով տոնակատարություններ է կազմակերպում», – հայտարարել է Սաֆարյանը։
Մինչ ակտիվիստներն իրենց հայտարարությունն էին անում, Տարոն Մարգարյանը հեռացել է հրապարակից:
Ոստիկանները խմբով հետևել են ակտիվիստներին, այնուհետ ուժ կիրառելով նրանցից երկուսին նստեցրել են ոստիկանական մեքենան ու հեռացրել հրապարակից։
Epress.am-ի թղթակիցը ժամը 22։00-ի սահմաններում զրուցել է Գևորգ Սաֆարյանի հետ, ով նշել է, թե ինքն ու Արմեն Միքայելյանը գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժնում։
Նա նշել է, որ ոստիկանները չեն ասել, թե ինչու են իրենց տանում ոստիկանություն, իսկ բերման ենթարկելու ամբողջ ընթացքում իրենց հայհոյել ու հարվածել են։
Ժամը 22։42-ի դրությամբ ակտիվիստներն ազատ են արձակվել։ Ոստիկանությունում արձանագրություն է կազմվել՝ Վարչական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը):
Լուսանկարը՝ yerevan.am