Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հասմիկ Խաչատրյանը երեկ միջնորդել է կալանք կիրառել իր ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի նկատմամբ: Ավելի վաղ Խաչատրյանը ԶԼՄ-ներին ներկայացրել է իր պատմությունը՝ պնդելով, որ ամուսինն իրեն 9 տարի շարունակ ծեծի է ենթարկել, որի պատճառով կինը ստիպված է եղել փախնել տանից։
Այս մասին Epress.am-ին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Նոնա Գալստյանը: Միջնորդությունն արվել է Սարգիս Հակոբյանի դեմ բերված բողոքով առաջին դատական նիստի ժամանակ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Միջնորդող կողմը հիմնավորել է, որ կալանք կիրառելն անհրաժեշտ է, քանի որ ազատության մեջ գտնվող Սարգիս Հակոբյանը սպառնալիք է ներկայացնում Հասմիկ Խաչատրյանի կյանքի և անվտանգության համար: Հիմնավորման մեջ հայցվոր կողմը նշել է նաև, որ Սարգիս Հակոբյանի նկատմամբ նախկինում մեղադրանք է առաջադրվել և նա պատիժ է կրել՝ խուլիգանության համար: Նիստը նախագահող Աղվան Պետրոսյանն այս միջնորդության քննարկումը հետաձգել է մինչև հաջորդ դատական նիստը, որը կկայանա 2014 թվականի հունվարի 13-ին:
Նոնա Գալստյանը նաև ասել է, որ դատարանում որևէ միջադեպ չի գրանցվել, ամուսինը դատարանում Հասմիկին չի սպառնացել և դատական նիստին ներկայացել է մենակ՝ առանց փաստաբանի: Քանի որ առանց մեղադրյալի պաշտանի դատաքննութունը չի կարող շարունակվել, նախագահողն ասել է, որ հաջորդ նիստին կողմին կտրամադրվի հանրային պաշտպան:
Հիշեցնենք, որ ամառվանից ի վեր Հասմիկը բնակվում է Կանանց աջակցման կենտրոնի կացարանում: Ինչպես Հասմիկ Խաչատրյանը ավելի վաղ հայտնել էր Epress.am-ին՝ բողոքը հետ վերցնելու համար ամուսինը նույնիսկ շանտաժի է դիմել՝ իր հետ բնակվող դստերը դպրոցից վերցնելով ու տանելով Գավառ։ Ամուսինը սպառնացել էր Խաչատրյանին զրկել մայրական իրավունքներից, սակայն հետագայում վերադարձրել էր դստերը։ Նրանց որդին բնակվում է հոր հետ Գավառում։