Home / Հայաստան / «Մի վաճառեք»․ Լրագրողներն ակցիա անցկացրեցին ՀՀԿ-ականների դեմ (ՖՈՏՈ)

«Մի վաճառեք»․ Լրագրողներն ակցիա անցկացրեցին ՀՀԿ-ականների դեմ (ՖՈՏՈ)

ԱԺ այսօրվա արտահերթ նիստի մեկնարկից առաջ լրագրողները ակցիա են անցկացրել։

Քիչ առաջ սկսվել է ԱԺ արտահերթ նիստը, որի ընթացքում քվեարկության է դրվելու Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված գազի գնին վերաբերող պայմանագիրը և «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ՌԴ-ին հանձնելու համաձայնագիրը։

Նիստի մեկնարկին ԱԺ դահլիճում ակցիա են անցկացրել մի քանի լրագրողներ։ Նրանք «Որոշողը մենք ենք», «Մի վաճառեք», «Խելքի եկեք, արա» գրառումներով պաստառներով կանգնել են ԱԺ նիստերի դահլիճում՝ ՀՀԿ-ի խմբակցության նստատեղերի դիմաց:

Լրագրողները նաև սև ժապավեններով կապել են իրենց բերանները՝ ի նշան անզորության: Մի քանի լրագրողներ էլ իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել են լրագրողների օթյակից:

Քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում է խնդրել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ-ից մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանը Epress.am-ին ասել է, որ ընդմիջման նպատակը չորս խմբակցություններով խորհրդակցելն է: Նշենք, որ ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՀՅԴ-ն դեմ են քվեարկելու, իսկ ԲՀԿ-ն քվեարկությանը չի մասնակցելու։  

Ընդմիջման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը սկսել է քվեարկության սարքերից հանել հանրապետականների քարտերը, առանց որոնց հնարավոր չէ մասնակցել քվեարկությանը:

«Քանի որ որոշ պատգամավորների քարտերը հանվել են, կանոնակարգ օրենքի 61 Հոդվածի համաձայն, քվեարկությունը տեղի կունենա էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ եթե չստացվի՝ պատգամավորները ձեռքերով կքվեարկեն: Ամոթ է, որ մտավոր ընդունակություններ չունեն, փորձում են անկարգությամբ տապալել», – անդրադառնալով Փոստանջյանի քայլին՝ ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ 

1menqenq