Ցրտերն ընկնելուն պես Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների կյանքին սպառնացող վտանգը ահագնացել է: Բնակիչներից մի քանիսը, զանգահարելով Epress.am-ի խմբագրություն, պատմել են, որ սառցակալած խողովակները, չգործող կոյուղին, սառցապատ պատուհաններն ու պատշգամբները անհնար են դարձնում տարրական հիգենիայի կանոնների պահպանումն ապահովելը, կենցաղային կարիքները հոգալը։
Մեր թղթակիցն այցելել է Սիսակյան 3, որտեղ էլ բնակիչները նշել են, թե անհնար է դիմանալ անգամ մինչ գարուն, մինչդեռ, քաղաքապետարանի խոստումների համաձայն, իրենց նոր բնակարաններ են տրամադրվելու 2015 թվականի մայիսին։
Սիսակյան 3 շենքում շրջայցի ժամանակ մեր թղթակիցը բնակարաններում միայնակ և տարեց կանանց է հանդիպել: Նրանք պատմել են, որ կոյուղին սառել է և տներում հնարավոր չէ ապրել, քանի որ պատերը ճաքած են և վառարանները չեն օգնում, ուստի իրենք խնդրել են բարեկամներին պահել երեխաներին իրենց տներում:
Շենքում ապրում է 104 ընտանիք, նրանցից 25-ին բնակարներ են տալու առաջիկա օրերին, մյուսներին խնդրել են սպասել մինչև 2015 թվականը: Բնակիչների մի մասը դժգոհ է բաշխման մեթոդից։ Ըստ նրանց՝ առաջինը պետք է բնակարաններ տրվեին շենքի այն հատվածի բնակիչներին, որտեղ ապրելն առավել վտանգավոր է: Մյուսները չեն բողոքում, ասում են, որ բնակարններ են տվել բազմազավակ ընտանիքներին, նրանց և երեխաների դեմ բողոքելու բան չունեն։ Այդ մարդիկ քաղաքապետարանից են դժգոհ, որ ձգձգում է իրենց տուն տալու գործընթացը, չեն գիտակցում, որ անմարդկային պայմաններում հնարավոր չէ ապրել և իրենք «հազար ու մի հիվանդություններ են ստացել»:
Բնակիչները պատմում են, որ իրենց մեկ սենյականոցները ծառայում են և՛ որպես ննջարան, և՛ հյուրասենյակ, և՛ խոհանոց, և բաղնիք:
Քանի որ ընդհանուր բաղնիքը սառել է, բնակիչները տներում են լողանում: Նրանցից մի քանիսն ասում են, որ ցրտից տարբեր հիվանդություններ են ձեռք բերել և ցանկանում են դիմել որևէ դեսպանատուն՝ այլ երկրներում ապաստան ստանալու խնդրանքով։