Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ Սերյոժա Գրիգորյանի կողմից: Այս մասին հայտնում է «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպությունը:
«Սինջարի» ներկայացուցիչ Բորիս Թամոյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Մյասնիկյան համայնքի եզդիական գերեզմանատանը քանդել են 22 գերեզման՝ գինու գործարանի շենք կառուցելու համար։ Տեղի բնակիչների խոսքով՝ Սերյոժա Գրիգորյանը վերականգնել է գերեզմաններից 2-ը, սակայն մնացած 20-ը քանդելու փաստը չի ընդունում և հրաժարվում է վերականգնել դրանք։
«Այս քայլով վիրավորում են մի ողջ ժողովրդի և խաղում են Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության հետ: Տարիներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանի պետական քաղաքականության արդյունքում քանդվում Նախիջևանի հին հայկական գերեզմանատունը, որը և սրբություն էր մեզ համար և մշակութային արժեք ամբողջ աշխարհի համար», – ասված է հայտարարության մեջ:
«Սինջարի» ներկայացուցիչները ՀՀ պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում կատարված հանցագործության վրա և պահանջում են, որպեսզի «տվյալ անձը վերականգնի եզդի ազգին հասցված վնասը, ինչպես նաև պատասխանատվություն կրի օրենքի առաջ՝ սրբապիղծ գործունեության համար»: