2013 թվականի նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը չի կորցրել ոգու արիությունը, պարզապես մի քիչ նիհարած է, գույնը՝ սփրթնած։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում պատմել է Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, ով որդու՝ Շահենի հետ, այսօր կալանավորվելու օրվանից առաջին անգամ տեսակցել է Հարությունյանին։
Մեր զրուցակիցը նշել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում շուրջ երկու ժամ տևած տեսակցության ընթացքում որդին ցնծության մեջ է եղել՝ հնարավորություն ունենալով զրուցել հոր հետ։
«Վիճակը նորմալ էր։ Շատ բաներից խոսեցինք՝ որոշներից տեղյակ էր, որոշներից՝ ոչ։ Մամուլում եղածն իրեն գրեթե չի հասել, մի քանի օր է, ինչ մեր փոխանցած ռադիոյով «Ազատություն» ռադիոկայան էր լսել, այնպես որ շատ ինֆորմացիա կար, որ մենք իրեն փոխանցեցինք», – ասել է Բադալյանը։
Վերջինս բացարձակ մեկուսացումից Հարությունյանին դուրս բերելը համարել է առաջին փոքրիկ հաղթանակը։
«Շանթը կոչ էր անում պայքարել, դուրս գալ փողոց ու նվաճել ազատությունը», – եզրափակել է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հարազատների հետ տեսակցության արգելքը հանելու պահանջով Շանթ Հարությունյանը և նրա հետ ձերբակալված ևս 5 քաղբանտարկյալներ հացադուլ էին հայտարարել։ Հարությունյանը հացադուլից դուրս էր եկել հունվարի 10-ին առողջական վիճակի վատթարացման պատճառով «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց հետո։