Շուրջ 6 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքը տղայի մասին վերջին տեղեկությունը ստացել է նոյեմբերի 25-ին։ Սպասողական վիճակում գտնվող հարազատներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից հայտնել են, որ Հակոբի վիճակի վերաբերյալ հաջորդ տեղեկությունը սպասվում է հունվարի վերջին՝ կոնկրետ օրը չեն նշել։ Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հակոբի եղբայրը՝ Հարությունը։
«Ամսի 15-ին պետք է զանգահարենք Կարմիր խաչ, որպեսզի հանդիպման օր նշանակենք նրանց հետ։ Ավելի վաղ մեզ տեղեկացրել էին, որ հունվարի վերջին հանդիպում է նախատեսվում Հակոբի հետ։ Պետք է խնդրենք Կարմիր խաչին, որպեսզի հնարավորության դեպքում թույլ տան գոնե Հակոբի 23-ամյակի օրը՝ հունվարի 28-ին, որը նաև ՀՀ բանակի օրն է, կարողանանք մի քանի բառ փոխանակել գոնե ինտերնետի միջոցով։ Իսկ առհասարակ՝ հույս ունենք, որ այս տարի գոնե Կարմիր խաչը մեր գործի հետ կապված տեղեկություններ կփոխանցի մեզ, եթե, իհարկե, գիտի։ Համենայնդեպս՝ Կարմիր խաչի հետ կապված հույսերը մեծ են, բայց չգիտենք՝ իրենք անում է այն, ինչ կարողանո՞ւմ է, թե այն՝ ինչ ստացվում է», – ասել է մեր զրուցակիցը։
Ինջիղուլյանը նաև կարծիք է հայտնել, որ «գործը շատ արագ գլուխ կգա», եթե այն տեղափոխվի ՄԱԿ-ի իրավասության տակ։
«ՄԱԿ-ը բարձր կարգի մանդատի շնորհիվ գործը ավելի արագ գլուխ կբերի, քան Կարմիր խաչը կարողանում է կամ կկարողանա», – վստահություն է հայտնել Հարությունը։
Նշենք, որ զինծառայող Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ընթացքում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի միջնորդությամբ բանակցություններ են տարվում նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: