Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքում կարևորը նախաձեռնող քաղաքացիների մասնակցությունն է, նրանց սկզբունքային լինելը, ոչ թե հավաքին միացած ԱԺ ոչ կոալիցիոն 4 ուժերի (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն) մասնակցությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, որ փորձը ցույց է տալիս՝ երբ քաղաքացին չէ քաղաքական գործընթացների կենտրոնում, դրանք վերածվում են քաղաքական խաղերի:
Նա ընդունել է, որ լավ է, որ խորհրդական, ոչ կոալիցիոն ուժերը միավորվել են և մասնակցելու են հանրահավաքին, սակայն փորձագետը խորհուրդ է տվել չմոռանալ, որ այդ ուժերը բավական խայտաբղետ են և որոշները նախկինում հասարակությանը ոչ շահեկան փոխզիջումների են գնացել իշխանությունների հետ:
«Պետք չէ հրճվել այդ միասնութունից», – հորդորել է Ռուբեն Մեհրաբյանը՝ նկատելով, որ որոշ մարդիկ նաև դրական են համարում այն, որ կուտակային կենսաթոշակայինի դեմ է խոսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ պարտադիր կուտակայինի դեմ պայքարող նախաձեռնող խումբը կարևորում է 4 խորհրդարանական ուժերի մասնակցությունը երթին նաև այն պատճառով, որ այդ ուժերն են դիմել Սահմանադրական դատարան և պետք է հետևեն այդ հարցի ընթացքին:
Մեհրաբյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի քաղաքացիները, ովքեր ակտիվ պայքարում են, ովքեր ինտելետուալ են և Հայաստանի ապագան են, գիտակցեն, որ սա քաղաքական հարց է, ոչ միայն տնտեսական: «Կարևոր է, որ մենք հատվածային պայքարը վերածենք համակարգային պայքարի: Ունենք դեպքեր, երբ հատվածային հաջողություններ եղել են, օրինակ, 100 դրամի ակցիան, որը հիանալի էր: Սակայն հիմա էլ չի բացառվում, որ քաղաքապետարանը նման անօրեն որոշումներ էլի կայացնի: Քաղաքականության փոփոխության այդ պայքարը չբերեց»,- ասել է Մեհրաբյանը: