Հունվարի 27-ին մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանը ուշադրության կենտրոնում է լինելու, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հարց էր հնչեցրել Սարգսյանի՝ կազինոյում 70 միլիոն տանուլ տալու մասին, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ պատվիրակության կազմավորման կարգը և հանել Զարուհի Փոստանջյանին պատվիրակությունից։
Փոստանջյանը, սակայն, գտնվելու է Ստրասբուրգում, քանի որ նրան հրավեր է ուղարկել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցությունը, որի անդամ է Փոստանջյանը։ Վերջինս «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ակնարկել է, որ ԵԽԽՎ-ն կարող է վիճարկել հայաստանյան պատվիրակության լեգիտիմությունը։
«Ըստ մեր տեղեկությունների՝ Զարուհի Փոստանջյանին հաջողվել է պայմանավորվել ԵԽԽՎ տասը պատգամավորների հետ. ովքեր համաձայնել են նիստի մեկնարկին ոտքի կանգնել և բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը։ Ենթադրվում է, որ բավական թեժ քննարկում է տեղի ունենալու։ Իհարկե, հայկական պատվիրակության հայաստանյան անդամները վստահ են, թե որոշումը Փոստանջյանի օգտին չի կայացվի, քանի որ ԵԽԽՎ-ն պատվիրակությունների ձևավորման երկու հիմնական սկզբունք ունի, որոնք պահպանված են. մեկը՝ վերաբերում է պատվիրակության կազմի ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությանը. այն պետք է հավասար լինի, իսկ մյուսը՝ գենդերային համամասնությանը։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե պատվիրակության հիմնական կազմում իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը հավասար է, փոխարինող կազմում՝ նույնպես»,–գրում է թերթը։
Նշենք, որ հիմնական կազմում ընդգրկված են երկու ՀՀԿ-ական և մեկական ներկայացուցիչ ԲՀԿ ու ՀԱԿ խմբակցություններից։ Փոխարինող կազմում մեկական ներկայացուցիչ ունեն ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում