Վերաքննիչ դատարանը հող է նախապատրաստում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու համար: Դատարանի պահվածքից նման տպավորություն է ստացել Փոստանջյանի ներկայացուցիչ, փաստաբան Հերմինե Միքայելյանը:
Փոստանջյանը պահանջել էր քրեական գործ հարուցել «Փակ շուկայի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի դեմ: Պատգամավորը պնդում է, որ Ալեքսանյանը խախտել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը` վնաս է հասցրել պատմական հուշարձանին։
Epress.am-ի հետ զրույցում Միքայելյանն ասել է, որ նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանը, լսելով իր բողոքը, առաջարկել է պատասխանող կողմին՝ քննիչին և դատախազին, դատարանին ներկայացնել քաղաքապետարանի այն որոշումները, որոնցով Սամվել Ալեքսանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և «Փակ շուկային» հասցրած վնասի համար տույժ մուծել:
«Դատարանը չի կարող չհամաձայնել, որ կատարվածը քրեական հետապնդում է պահանջում: Մեր բողոքը մերժելու են, ցանկանում են, հավանաբար, հղում անել քաղաքապետարանի ակտերի վրա, իբր ասել, տեսեք, գոնե վարչական պատասխանատվություն եղել է: Այսինքն՝ ցանկանում են այդ 200.000 դրամ մուծելով՝ Սամվել Ալեքսանյանը ազատվի պատասխանատվությունից»,- ասել է Միքայելյանը:
Ըստ նրա՝ քննիչի պնդումները, թե վնասելը տեղի է ունեցել անուշադրության արդյունքում, նախ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ շուկայի տանիքը ոչ թե փլուզվել է, այլ տեխնիկայի կողմից քանդվել է: Բացի դա, փաստաբանի խոսքով, անուշադիր լինելը և դիտավորություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: