Ադրբեջանական դիրքերում այսօր լարվածություն կա, նրանք խուճապահար են։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքին տեղեկացնել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի հետ շփման գծում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
«Այդ խուճապն արտահայտվում է ոչ միայն [Ղարաբաղում] Ադրբեջանի հետ շփման գծում, այլև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում արտահայտված կրակոցներով: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, միայն պատասխանում ենք կանոնավոր կրակահերթերին և դիպուկահարների կրակոցներին»,- ասել է նախարարը:
Օհանյանը նշել է, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն Ադրբեջանի դիվերսիոն խումբը կորուստներ է կրել ու հետ քաշվել սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ: Զոհված Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Նախարարը նաև վստահեցրել է, որ այս պահին իրավիճակը վերահսկելի է, և «մեր հայրենակիցների մոտ երբևիցե մտահոգություն չպիտի լինի, քանի որ մեր զինծառայողները ինչպես կատարել են իրենց ծառայությունը, այնպես էլ կատարում են»: