Home / Տեսանյութեր / Վթարային շենքի բնակիչները ուզում են ապաստան ստանան Ռուսաստանից

Վթարային շենքի բնակիչները ուզում են ապաստան ստանան Ռուսաստանից

Սիսակյան 3 շենքի վթարային հատվածի մի խումբ բնակիչներ մոտ օրերս կոնկրետ պահանջով դիմելու են նախագահական նստավայր, ապա երթով շարժվելու են Ռուսաստանի դեսպանատուն և հանձնելու են հայաստանյան անձնագրերը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է շենքի բնակչուհի Լիլիթ Քոչարյանը: Նա նշել է, որ Հայաստանից հրաժարվելու ու դեսպանատնից ապաստան խնդրելու որոշումը կայացրել են քաղաքապետարանի կողմից բնակարանների սխալ բաշխման հետևանքով։

«Առաջինը քաղաքապետարանից ենք հրաժարվել, հաջորդ քայլը լինելու ա էս երկրից հրաժարվելը, թող խայտառակ լինեն, որ մի շենքի բնակիչների կյանքի հետ խաղ են խաղում։ Շենքը օրական փլվում ա, տրուբաներից որդ ու բլոճները կեղտաջրերի հետ լցվում են բնակարաններս, ամբողջ պատերը ներծծված են կոյուղաջրերով, մենք էլ հազար հիվանդություն ու վարակով ապրում ենք հերիք չէ, քաղաքապետարանն էլ ասում ա՝ «սպասեք՝ մինչև 2015 թվի մայիսը, բնակարանի հարցերը կլուծենք»։ Թուղթը տվեցին, թե պետք է անհապաղ տարհանել վթարային մասի բնակիչներին, մինչդեռ քաղաքապետարանը տնով ապահովեց ոչ թե նշված կողմի, այլև շենքի հակառակ թևի բնակիչներին», – պատմել է մեր զրուցակիցը։

1sisakyan

Վերջինս նշել է, որ Բաղրամյան 26-ից պահանջելու են փորձագիտական հանձնաժողով կազմել՝ համոզվելու համար, որ բնակարանների սխալ բաշխում է տեղի ունեցել։

«Քաղաքապետարանը բնակարան տվեց իր քմահաճույքով, հիմա էլ մեղքը գցում ա բնակիչների վրա՝ իբր մենք ենք ընտրել։ Որ ես էի ընտրել, առաջինը իմ անունը կգրեի ու կգնայի էս դժոխքից, ոչ թե ահով ու դողով կապրեի։ Մի շաբաթ առաջ էլի փլուզում տեղի ունեցավ, զանգեցինք ԱԻՆ, եկան, իրավիճակը տեսան, նորից նույնը ասացին ու գնացին։ Ասում են՝ «ժողովուրդ ջան, մենք մեր գործը արել ենք, թուղթը տվել ենք, որ շենքը վթարային ա, էսօր չէ, վաղը չէ, մի օր փուլ ա գալու, Աստված ոչ անի, զգույշ մնացեք՝ ձեզ մի բան չլինի»», – պատմել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ տուժած բնակիչներին ավելի է զայրացրել թաղապետարանի աշխատակիցների մոտեցումը, ովքեր իրավիճակից դուրս գալու համար վթարային հատվածի բնակիչներին խորհուրդ են տվել «քիչ բողոքել, դրա փոխարեն գնալ վարձով ապրելու»։

«Հարցնում եմ՝ որ գնամ տարի ու կես վարձով ապրելու, դու վարձս կտա՞ս, ասում ա՝ չէ։ Կամ էլ տնիցս դուրս եկա, հետո ո՞ւմից եմ պահանջելու», – եզրափակել է մեր զրուցակիցը։

Նշենք, որ 126 բնակարան ունեցող շենքը 2003-ից համարվում է 4-րդ կարգի վթարային, և միայն վերջերս քաղաքապետարանը 104 ընտանիքներից 25-ին բնակարաններ է հատկացրել, իսկ մնացածը պետք է սպասեն մինչև 2015 թվականի մայիսը։