Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ երեկ Ստրասբուրգում մեկնարկած ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հաստատվեցին հայաստանյան պատվիրակության լիազորությունները: ԵԽԽՎ-ի որևէ պատգամավոր այդ հարցը չվիճարկեց, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անցած տարվա հոկտեմբերին Զարուհի Փոստանջյանին («Ժառանգություն») հանեց պատվիրակության կազմից` փոխարինելով Մհեր Շահգելդյանով («Օրինաց երկիր»)՝ չթաքցնելով, որ փոփոխությունը կապված էր Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին տրված կազինոյի մասին հարցի հետ:
Զարուհի Փոստանջյանը հայտատարել էր, թե դա քաղաքական հետապնդում է: Ընդդիմադիր պատգամավորը վստահ էր, որ հայկական պատվիրակության կազմից իրեն հանելու հարցին կանդրադառնան ԵԽԽՎ-ում ամենամեծ քաղաքական խմբի` ավելի քան երկու հարյուր անդամ ունեցող ԵԺԿ-ի (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն) իր գործընկերները:
Եթե տասը պատգամավոր ոտքի ելնեին ու առարկեին որևէ պատվիրակության լիազորությունները հաստատելուն, հարցը մեխանիկորեն կդառնար Կանոնադրական հանձնաժողովի քննարկման առարկա:
«Դա տեղի չունեցավ, ուստի հարցը փակված է», – «Ազատության» հետ զրույցում նկատել է պատվիրակության մշտական անդամ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»): – «Ես որքան տեղյակ եմ, տիկին Փոստանջյանը Ստրասբուրգ չէր եկել: Որքան կրկին տեղյակ եմ, ԵԺԿ խմբակցությունում առավոտյան քաղաքական խմբերի նիստերի ժամանակ եվրոպացի կին պատգամավորներից մեկը հպանցիկ անդրադարձել է խնդրին, բայց անգամ այդ կինը ոտքի չկանգնեց և չվիճարկեց հայկական պատվիրակության մանդատի լիազորությունների հարցը»:
«Դա նույն Եվրախորհուրդն է, որը ըստ էության Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունները ամբողջովին «ջրեց»», – «Ազատության» հետ զրույցում ասել է «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: – Սա այն Եվրախորհուրդն է նաև, որը երկու համապետական կեղծված ընտրություններ է ճանաչել: Այնպես որ, չեմ կարծում, ինչ-որ առանձնահատուկ իրավիճակ է եղել, և ցանկացած պարագայում, հաշվի առնելով նախկինում տեղի ունեցածը, տրամաբանությունը հուշում էր, որ բնականաբար կճանաչեին»:
Նա փոխանցել է, որ Փոստանջյանը, չնայած ստացած հրավերին, չի մեկնել Ստրասբուրգ ֆինանսական խնդիրների պատճառով: