2014թ. հունվարի 28-ին՝ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ, ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ բիրտ ուժով ցրել է Ազատության հրապարակում կազմակերպված խաղաղ հավաքը, հերթական անգամ ոտնահարվել է Հայաստանի քաղաքացիների արտահայտման ազատությունը և հիմնարար իրավունքները: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
«Նախ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին բռնությամբ չթողեցին մոտենալ հրապարակի տարածքին: Սևազգեստ մայրերը եկել էին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի դահլիճում հանդիսավոր տոնակատարության մասնակից պաշտոնյաներին հիշեցնելու իրենց որդիների սպանության չբացահայտված գործերի մասին: Այնուհետև, ապօրինի բերման ենթարկվեցին նրանց սատարող՝ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Վարդգես Գասպարին, Արա Նեդոլյանն ու Արտաշես Սերգոյանը:
Ազատազրկված քաղաքացիներին չի տրվել բացատրություն, թե ինչու են նրանք բռնությամբ տարվել ոստիկանություն, իսկ քաղաքացի Վարդգես Գասպարիին, երբ նա պահանջել է, որ իրեն տրամադրեն իր գործին վերաբերվող փաստաթղթերի պատճենները, ոստիկանության կենտրոնական բաժնից՝ ուժի կիրառմամբ և անմարդկային վերաբերմունք ցուցաբերելով հեռացրել են գազելով՝ տանելով շենքից հեռու և այնտեղ թողնելով ցեխերի մեջ և անձրևի տակ: Արդարադատություն փնտրող որդեկորույս մայրերի և բանակի հիմնախնդիրները բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառումը կրկին անգամ ապացուցում է, որ բանակի թեման մեր երկրի ղեկավարության համար անցանկալի ու փակ տարածք է և դրան առնչվող խնդիրները չի կարելի բարձրաձայնել: Բանակի օրը հանդիսավորությամբ տոնելու հետ զուգահեռ զոհված զինծառայողների մայրերի և բանակի խնդիրների մասին բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրումը համարում ենք ևս մեկ դրսևորում պետական պաշտոնյաների հանցավոր քաղաքականության՝ ուղղված անպատժելիության և ամենաթողության մթնոլորտի խրախուսմանը»,- ասված է հայտարարության մեջ: