Պետական հաստատությունների՝ դպրոցների, բուհերի, նախարարությունների, բուժհիմնարկների աշխատակիցների հունվար ամսվա աշխատավարձից պահումներ են արվել։ Epress.am-ի հետ զրույցում մի քանի պետական հիմնարկների ծառայողներ պատմել են, որ երբ փորձել են պարզել՝ ինչ է տեղի ունեցել, իրենց հայտարարել են, թե պահվել են կենսաթոշակային օրենքով նախատեսված պարտադիր վճարները։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է օրենքի կիրառումը մինչև մարտին վերջնական որոշում կայացնելը, սակայն երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ-ում հայտարարել է, թե ՍԴ-ի որոշմամբ միայն աշխատողներն են ազատվում սանկցիաներից, իսկ գործատուների պարտավորությունները մնում են։
Պետական հիմնարկների մեծ մասի աշխատողներին անգամ չեն տեղակացրել պահումների մասին, ինչպես նաև չեն հարցրել, թե որ կենսաթոշակային հիմնադրամն են նրանք ցանկանում ընտրել։ Բուհերից մեկում աշխատակիցներին հատուկ հրամանագրով տեղեկացրել են, որ պահված գումարը հետ կվերադարձնեն, եթե մարտի 28-ին Սահմանադրական դատարանը օրենքը չեղյալ համարելու մասին որոշում կայացնի։