Գազի սակագնի բարձրացման հետևանքով ջերմոցային տնտեսությունները հսկայական պարտքեր են կուտակել և չեն կարողանում վճարել դրանք, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը տեղեկացնում է, որ շուրջ 20 ջերմատների սեփականատերեր դիմել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցության ակնկալիքով։
Նախարար Սերգո Կարապետյանը թերթի հետ զրույցում ասել է, որ պաշտոնական նամակով դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչև մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը։
«Բայց մեզ պատասխանեցին, թե ջերմատնային ոլորտի բաժանորդների՝ վճարումներ չկատարելու պատճառով իրենք հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերությունը մերժեց։ Հիմա նախարարությունը որևէ այլ լծակ կամ ազդեցություն չունի ընկերության նկատմամբ։ Չնայած անցյալում վերամշակող ձեռնարկությունների հետ կապված նման աջակցություններ եղել են, բայց այս անգամ չստացվեց», – ասել է նախարարը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում