Այսօր առավոտվանից «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության աշխատակիցները ՀԿԵ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ բողոքել են հունվար ամսին իրենցից կենսաթոշակային պարտադիր վճարները պահելու դեմ։
Վանաձորից, Արմավիրից, Մասիսից, Գյումրիից և ընկերության այլ մարզային բաժիններից, ինչպես նաև մայրաքաղաքի մասնաճյուղերում աշխատող բողոքողները լրագրողների հետ զրույցում պնդել են, որ ընկերությունն իրենցից գումար գանձելու իրավունք չունի, իրենք այդ մասին զգուշացված չեն եղել, և Սահմանդրական դատարանի որոշումն անտեսվել է։
«Մեր աշխատավարձից այլ պահումներ էլ են արել, ու կեղտոտ աշխատավարձից են հաշվարկել այդ հինգ տոկոսը (պարտադիր կուտակային կենսաթոշակային հատկացման չափը)։ Ուրիշներից էլ են պահում, բայց գոնե մի փոքր բարձրացնում են աշխաատավարձը, հետո նոր տոկոսները վերցնում են։ Աշխատավարձի բարձրացումից խոսում ենք, մեզ ասում են՝ դուք ռուսական կառույց եք, Հայաստանի օրենքներ ձեզ չեն վերաբերում։ Էդ ինչպես է, որ կենսաթոշակայինը մեզ վերաբերում է», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ընկերության գանձապահներից Ռոզա Պետրոսյանը։
ՀԿԵ-ի աշխատակիցները խնդրում են պահումներ չանել գոնե մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը:
Պահումներից առաջ աշխատակիցներին չեն հայտնել, թե որ կենսաթոշակային հիմնադրամին են փոխանցելու գումարները։ Աշխատակիցներին նաև չեն զգուշացրել՝ արդյոք երբ ՍԴ-ն հակասահմանադրական համարի օրենքը, պահված գումարները հետ կվերադարձվեն, թե ոչ։
Պետրոսյանը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենցից առանց զգուշացնելու փող են պահել։ «Երբ կարկուտ եղավ Արմավիրում, ամեն մեկիցս 20.000 դրամ պահեցին՝ տուժածներին օգնելու համար։ Ասեցին՝ հետո կվերադարձնենք, բայց ոչ մի կոպեկ էլ չվերադարձրեցին։ Այդ օգնությունը կամավոր պետք է արվեր, ոչ թե զոռով»,- ասել է Պետրոսյանը։
Բողոքի մասնակիցները լրագրողներին հայտնել են, որ եթե տնօրինությունն իրենց չընդունի, և այսօր հարցին լուծում չտրվի, բողոքի ակցիաները կշարունակվեն, և դրանց կմասնակցեն բոլոր աշխատակիցները։
Պետրոսյանի խոսքով՝ 3000 աշխատողների մոտ 50 տոկոսը 1974 թվականից հետո է ծնվել, ուստի նրանց վրա տարածվում է կենսաթոշակայինի օրենքը։
Epress.am-ի թղթակիցը փորձել է հանդիպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենին կամ գոնե հաշվապահին, սակայն նրան նախ խնդրել են գալ ընդիմջումից հետո, ապա ասել են, որ հաշվապահը խորհրդակցության է։
Բողոքի մասնակիցները սպասել են մինչև 15.00-ն, երբ խոստացված էր հանդիպում տնօրենի հետ։ Սակայն 15.00-ին վեճ է սկսվել բողոքողների և ընկերության հասարակայնության բաժնի պետ Վահե Դավթյանի միջև, ով պահանջում էր, որպեսզի միայն 15 հոգի բարձրանա տնօրենի մոտ։
Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ իրենց բոլորին թույլ տան բարձրանալ։ Ինչևէ, կողմերը եկել են ընդհանուր հայտարարի․ հանդիպմանը մասնակցելու է 20 աշխատող, սակայն ընկերության ղեկավարությունը պնդել է, որպեսզի լրագրողներին թույլ չտրվի ներկա լինել հանդիպմանը։ Այս պահին հանդիպումը շարունակվում է։