«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 350 հազարական դոլար արժողությամբ 3 «հրաշք սարքի» միջոցով կարողանում է գցել գազի կալորիականությունը, ավելին՝ մեթանի հետ ազոտ խառնելով ավելացնում է գազի ծավալները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ է հանդես եկել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը։ Նա նշել է, որ սարքի մասին տեղեկությունը տրամադրել է «Գազպրոմ»-ի աշխատակիցներից մեկը, ում հետ հաջողվել է համագործակցել։
Բանախոսը նշել է, որ իրենք խնդրով սկսել են զբաղվել նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին, երբ ամբողջ հանրապետության տարածքում համատարած դժգոհության ալիք է բարձրացել։ Իրենք բազմաթիվ բողոքներ են ստացել սպառողներից, թե «այս տարի գազն էն չի, գազով աշխատող վառարանները, գաղօջախները և անհատական ջեռուցման համակարգերը չեն տաքացնում, չեն արտաբերում այն ջերմությունը, որը եղել է նախորդ տարիներին»։
«Սարքը անհատական ազոտային կայան է, որից ընկերությունը 3 հատ ձեռք է բերել, որը օդից գազաբաժանման տարբերակով մաքուր ազոտ է ստանում, մինչդեռ «Գազպրոմի» մամլո խոսնակ Սարդարյանն ասում է, որ ազոտ խառնելը անիմաստ է, քանի որ մեթանից թանկ է։ Ավելի պարզ, օրինակ, բերեմ՝ մաքուր կաթին 30 լիտր ջուր խառնեն, բնականաբար, կաթի ծավալները կավելանան և ավելի շատ գումար կաշխատեն։ Ազոտը ստանում են երեք փուլով՝ դրա վրա ծախսելով 0 դրամ», – ասել է Մարտիրոսյանը։
Վերջինս ընդգծել է, որ սարքերի գտնվելու վայրի մասին ինքը տեղեկություններ չունի, իսկ ինչ վերաբերում է օգտագործվող գազը լաբորատոր փորձաքննության հանձնելուն, դա անիմաստ է, քանի որ երեք լաբորատորիաներից 2-ը պատկանում են «Գազպրոմ»-ին՝ «իրենք իրենց են ստուգում»։
«Ռուսաստանից գալիս է բարձր կալորիականությամբ x ծավալի գազ, մինչ մեզ հասնելը «հինգ տեղ ստուգվում է», սակայն գազը, կալորիազրկվելով, ավելանում է, դառնում «y» քանակությամբ և տրամադրվում է բնակչությանը: Առաջարկել եմ, որ Իրանից կամ Ֆրանսիայից անկախ փորձագետներ բերեն ու պարզեն խոսքերիս իսկությունը», -նշել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ նման նախադեպ եղել է Ուկրաինայում, որտեղ բանը հասել է մինչև դատական պրոցեսի, երբ Ուկրաինայում Գիտությունների ազգային ակադեմիան կարողացել է ապացուցել գազի անորակությունը։
«Մի ամբողջ ազգ բողոքում է, սառում, դա ապացույց չէ՞։ Ինչ վերաբերում է աննախադեպ ցրտին, հետաքրքիր է՝ աննախադեպ ցուրտը ի՞նչ կապ ունի։ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնները վախենում են անկախ ստուգումներ իրականացնելուց, ինչպես օրինակ՝ Ֆիզիկայի ինստիտուտի մի աշխատակից ասել է, որ եթե ինքը կորցնի իր աշխատատեղը, ապա ո՞վ է տալու իր աշխատավարձը»,- նկատել է բանախոսը: