Home / Հայաստան / Մելիք գյուղի ղեկավարը մտադիր չէ ոսկու հանքի պոչամբարի կառուցման թույլտվություն տալ

Մելիք գյուղի ղեկավարը մտադիր չէ ոսկու հանքի պոչամբարի կառուցման թույլտվություն տալ

Երեկ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանն ավագանու արտահերթ նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է «Մեգո-Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցումը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Մելիք գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են պոչամբարի կառուցման դեմ՝ պնդելով, որ հանքավայրի շահագործման հետևանքով գյուղում արդեն իսկ առողջապահական և բնապահպանական բնույթի լուրջ խնդիրներ կան։

Թերթը նշում է, որ ընկերությունը փետրվարի 10-ին հանրային լսումներ էր անցկացրել, որին, սակայն, քիչ թվով մարդիկ էին ներկա գտնվել։ Այս լսումները մտահոգություն են առաջացրել համայնքում, ինչի համար էլ ավագանին և գյուղապետը որոշել են դադարեցնել քննարկումները, մինչև որ համապատասխան ընկերությունները խորը ուսումնասիրություններ կատարեն։

«Մենք մեր որոշումն ենք այս պահին վերանայում, որովհետև անծանոթ էինք այդ ծրագրին։ Իսկ երբ ծանոթացա ծրագրի որոշ կետերին, տեսա, թե այն ինչ չափի վտանգ կհասցնի մեր գյուղին։ Ավագանու նիստից հետո կզանգեմ ընկերության տնօրենին և կասեմ, որ դադարեցնի վաղվա քննարկումները և այն տեղափոխի գյուղ։ Մինչև տասնյակ համապատասխան կազմակերպություններ իրենց խոսքը չասեն սրա վերաբերյալ, ես թույլտվություն չեմ տա։ Սա ահավոր է, որովհետև մեծ վտանգ ենք սրանից սպասում», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է համայնքապետ Հակոբ Մկրտչյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում