«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամներ, նախկին քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը մարտի 1-ի լույս 2-ի գիշերն անցկացնելու են Մյասնիկյանի արձանի մոտ։ Այս մասին Փաշինյանը գրառում է արել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Այսօր Սասուն Միքայելյանի հետ որոշեցինք Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել ենք Մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը՝ 2008 թվականին:
Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք Մարտի 2-ի լուսաբացը. մի բան որ չհաջողվեց 2008-ին:
Այսպիսով՝ հարգանքի տուրք կմատուցենք Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին եւ պայքարին», – գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի Մարտի 1-ին իշխանությունները Ազատության հրապարակում ուժի կիրառմամբ ցրել են նախագահական ընտրություններից հետո իրենց բողոքն արտահայտող խաղաղ ցուցարարներին, որոնք հետագայում հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ։ Երեկոյան իշխանությունները ցուցարարների դեմ հրազեն են կիրառել։ Զոհվել է 8 ցուցարար, ոստիկանության զորքերի 2 զինծառայող։ Մինչ օրս սպանության մեղավորները չեն բացահայտվել։