Home / Տեսանյութեր / ՄՄ մտնելուց հետո որոշ ապրանքների մաքսատուրքը Հայաստանում կարող է նույնը մնալ․ փոխնախարար

ՄՄ մտնելուց հետո որոշ ապրանքների մաքսատուրքը Հայաստանում կարող է նույնը մնալ․ փոխնախարար

Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հայաստանյան շուկայում գնաճի մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ ամեն ինչ պարզ կլինի բանակցությունների ավարտից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նշենք, որ վերջին շրջանում մամուլում համեմատականներ են անցկացվում ՄՄ-ում և Հայաստանում գործող մաքսատուրքերի միջև, ինչից բխում է, որ ՄՄ մտնելուց հետո որոշ ապրանքների գները կտրուկ կաճեն։

«Որոշակի ապրանքների համար կա մաքսատուրքերի, դրույքաչափերի տարբերություն, այստեղ պետք չէ ինչ-որ թվեր վերցնել, արհեստական սկսել դրա մասին ակտիվ խոսել։ Կավարտվեն բանակցությունները, բացառությունների մասով կունենանք վերջնական պատկերը, դրանք բոլորը կհրապարակվեն»,- նշել է փոխնախարարը։

Մելքոնյանը նշել է, որ Մաքսային միության երկրների հետ բանակցություններին քննարկվում է որոշ ապրանքատեսակների դեպքում Հայաստանի համար բացառություններ անելը՝ կապված մաքսատուրքերի հետ։ Բանախոսն ընդգծել է, որ կլինեն բացառություն կազմող ապրանքներ՝ ներառյալ ավտոմեքենաները։

«Բացառությունների ցանկում ներառված ապրանքները, որոնց մասով շարունակելու են գործել Հայաստանի գործող մաքսատուրքերը, Հայաստան բացառության կարգով ներմուծվելուց հետո չեն կարող վերարտահանվել ՄՄ այլ երկրներ։ Եթե ֆիքսում են որևէ ապրանք, որը կներառվի ցուցակում, եթե ցածր ներմուծվի, որպեսզի վերարտահանվի, պետք է [կրկին] մաքսազերծվի», – հայտարարել է Մելքոնյանը։

Փոխնախարարը հավելել է, որ մարտի 10-ին, պայմանավորվածության համաձայն, Երևանում աշխատանքային հանդիպում է կազմակերպել ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ քննարկվելու են աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները, ինչպես նաև Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները։