հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Երևանում տաքսիստները մեքենաները կայանելու տեղ չունեն․ բողոքում են տուգանքներից

Երևանում տաքսիստները մեքենաները կայանելու տեղ չունեն․ բողոքում են տուգանքներից

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպությունը պատրաստվում է բողոքարկել արագաչափ տեսախցիկների արձանագրած մի շարք խախտումների ակտերը, որոնք վերաբերում են տաքսիների սխալ կայանմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լիգայի իրավաբան Մկրտիչ Մուրադյանը։

«Միակ պատճառը կայանատեղի չունենալու հանգամանքն է, որը առկա է ամեն օր և որը մեծ մտահոգության տեղիք է տալիս: Եթե կառավարությունը որոշակի ժամանակի ընթացքում չկարողանա կանգառների խնդրին լուծում տալ՝ ավտովարորդները շարունակական բողոքի ակցիաներ կանեն: Հաջորդ խնդիրը վերաբերում է տեսախցիկների կողմից սահմանված տուգանքների չափերին, որոնք, ըստ մեզ` բավական բարձր են․ 30-50 հազար դրամ տուգանքները մեր իրողությանը հարիր չեն և դրանք պետք է վերափոխվեն», – ասել է բանախոսը։

Նա նաև խոսել է հաջորդ մտահոգիչ հիմնախնդրի մասին, այն է՝ ակտերի բողոքարկման հետ կապված անհարկի, արհեստական ստեղծված քաշքշուկները դատարաններում։

«Ասում են, իբր թե կան որոշակի տեխնիկական թերություններ և դիմումները հետ են ուղարկում, իսկ այդ քաշքաշուկները բերում են նրան, որ այն վարորդները, որոնք չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել, ստիպված են լինում ամբողջությամբ վճարել վարչական ակտերի գումարները», – նշել է Մուրադյանը։

Հանդիպման մասնակից, տաքսու վարորդ Մանվել Ավետիսյանն ընդգծել է, որ մինչ կարմիր գծերի հայտնվելը տաքսիների համար քաղաքում գոնե մեկ-երկու կայանատեղի է եղել, իսկ այժմ չկա մի տեղ, որտեղ տաքսիները հանգիստ կարողանան անվճար կայանել։

«Մոտ 300 կայանատեղի է պետք: Խնդրում եմ տուգանքներ չնշանակել, քանի դեռ կառավարության կողմից համապատասխան որոշում չի կայացվել: Ինչքան տուգանք լինի, բողոքարկելու ենք»,- ասել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: