3-րդ մասի «Երևան Սիթի» սուպերմարկետի տնօրենն արգելել է խանութի կողքը կանաչեղեն վաճառող Ֆլորա Թորոսյանին (լուսանկարում) առևտուր անել այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հորդորել է սուտ չխոսել լրագրողների հարցերին պատասխանելիս, ինչպես նաև «մեկ-մեկ կարդալ Աստծո պատվիրանները»։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է Թորոսյանը։
Վերջինս նշել է, որ Ալեքսանյանի հետ սկսել է բանավիճել «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի բացման օրը, երբ լսել է՝ ինչպես է վերջինս լրագրողների հետ զրույցում ժխտում, թե ինքը կամ իր ընտանիքը բիզնեսներ ունեն։
«Ես ասացի՝ խի ես սուտ խոսում, հիմա սիթիները քոնը չե՞ն, ամոթ չէ՞։ Լֆիկն (Սամվել Ալեքսանյանի կեղծանունը – խմբ․) էլ, թե՝ «էս գիժն էս ով ա», ասացի՝ «ինչի՞ եմ գիժ՝ Աստվածաշունչը կարդա ու կտեսնես, որ պատվիրաններն արգելում են սուտ խոսել։ Սա փուշը թողեց։ Հետո ասեցի՝ ես բիզնեսմեն, դու բիզնեսմեն, դու բազմազավակ հայր, ես՝ բազմազավակ տատիկ, դու փարոս ես ստանում, ես փարոս եմ ստանում, ասացի՝ էդքան սիթիները բա ու՞մն են», -պատմել է մեր զրուցակիցը։
Թորոսյանի խոսքով՝ հենց հաջորդ օրն արդեն «Սիթիի» տնօրեն Տիգրանը (կինն ազգանունը չգիտեր) իրեն քշել է խանութի մոտից։
«Քացով խփեց կանաչեղենի արկղին, որ շուռ տար, հետո շատ պահանջեց՝ «չնստես ստեղ ու մեր խանութ էլ չմտնես»։ Ախր, անձամբ ինձ քաղմասն էլ չի արգելում թաղամասում կանաչի վաճառել, թաղապետարանում էլ գիտեն, որ անմարդ կին եմ, մեծ ընտանիք եմ պահում ու դրանով գոյություն ենք պահում», – ասել է կինը։
Թորոսյանն արդեն 3 օր է չի կարողանում կանաչին վաճառել սուպերմարկետի մոտ և շրջում է հարակից թաղամասերում ու այդպես է փորձում իրացնել ապրանքը։