Երեկ թռուցիկներ փակցնելու համար բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ, հայտնում է ilur.am-ը:
Ակտիվիստներն Արաբկիր համայնքում իրազեկման թռուցիկ են փակցնելիս եղել, երբ ոստիկանները մոտեցել են նրանց և հայտարարել, թե արգելված է այդ վայրում թռուցիկ փակցնել: Ակտիվիստները ցույց են տվել նույն տեղում փակցված այլ պաստառներ (այդ թվում և քաղաքական բնույթի) և ասել, որ «եթե սրանք փակցված են, ապա մեր թռուցիկներն էլ կարող են լինել»: Դրանից հետո ոստիկանները ակտիվիստներին տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք և երկու ժամ պահելուց հետո՝ ազատ են արձակել ՝ առանց արձանագրություն կազմելու:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով ժամանել էր ոստիկանական բաժանմունք, iLur.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ սա ոստիկանության հերթական կամայականությունն է և ընտրողական վերաբերմունքը, քանի որ եթե այլ բովանդակությամբ պաստառներ կային այդ նույն վայրում, ինչո՞ւ չպիտի Կոնգրեսի իրազեկման պաստառները լինեին:
«Սա վկայում է մի բանի մասին, որ իշխանությունները անհանգստացած են, սա վախի նշան է», – iLur.am-ին ասել է Զուրաբյանը: