Home / Տեսանյութեր / ԱԺ-ն որոշեց «գազային հանձնաժողով» ստեղծել․ ՀԱԿ-ը կողմ էր, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ

ԱԺ-ն որոշեց «գազային հանձնաժողով» ստեղծել․ ՀԱԿ-ը կողմ էր, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ

Ազգային ժողովն այսօր որոշում է կայացրել ՌԴ-ի հետ կնքված գազային պայմանագրերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացրած նախագծին կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 3, 30 պատգամավորներ ձեռնպահ են մնացել։

Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ընթացքում ՀՀԿ-ն արգելափակել էր ոչ կոալիցիոն ուժերի կողմից նման հանձնաժողով ստեղծելու գաղափարը, ապա սեփական նախաձեռնությամբ է հանդես եկել, որը տարբերվում էր 4 ոչ իշխանական խմբակցությունների առաջարկից։ Մասնավորապես, համաձայն նախագծի, հանձնաժողովի աշխատանքները պետք է դռնփակ անցնեին, ինչից դժգոհել են 4 խմբակցությունները։ 

Այնուամենայնիվ, ՀԱԿ խմբակցությունը որոշում է կայացրել հանձնաժողովի ստեղծմանը կողմ քվեարկել և մասնակցել դրա աշխատանքներին։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենք մեկ վերապահում ունեն, այն է՝ հանձնաժողովի աշխատանքների դռնփակ լինելը։ ՀԱԿ-ը միևնույնն է հաջողություն է համարում այն, որ գազային պայմանագրերի հարցով հանձնաժողով կստեղծվի:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մինչ քվեարկությունը նշել է, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու: Հանձնաժողովի ստեղծմանը դեմ են քվեարկել միայն «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորներ: Դեռևս երեկ ՀՅԴ-ն նշել էր, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին ու ոչինչ չի խանգարի ՀՅԴ-ականներին դռնփակ նիստից դուրս գալ ու պատմել է լրագրողներին, թե ինչ է քննարկվել։