2013-ին մարդու իրավունքների ոլորտում լրջագույն խնդիրներն են եղել կոռուպցիան, կառավարության գործունեության թափանցիկության պակասը, քաղաքացիների` իրենց կառավարությունը փոխելու հնարավորության սահմանափակումները, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի կողմից այսօր հրապարակված 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցի նախաբանում:
Ինչպես և նախորդ զեկույցներում, այս տարի էլ պաշտոնական Վաշինգտոնն ուրվագծում է գրեթե նույն խնդիրների շրջանակը: Մասնավորապես, ընդգծվում է, որ ՀՀ իշխանություններն արդյունավետ վերահսկողություն են իրականացրել անվտանգության ուժերի և իրավապահ մարմինների նկատմամբ, իսկ վերջիններիս որոշ անդամների կողմից մարդու իրավունքների ոնտահարումներ են գրանցվել:
Կառավարության տարբեր շերտերում առկա մշտական կոռուպցիան խաթարել է օրենքի գերակայությունը, չնայած` կառավարությունը կոռուպցիայի մեջ ներգրավված ցածր ու միջին օղակի պաշտոնյաներին պատժելու ուղղությամբ որոշ քայլեր է կատարել:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) գնահատականի համաձայն` 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն անցել են, ընդհանուր առմամբ, բաց ու թափանցիկ մթնոլորտում, հարգվել են հիմնարար ազատությունները: Միևնույն ժամանակ գրանցվել են նաև որոշ թերացումներ, այդ թվում`թեկնածուների համար անհավասար դաշտի առկայություն, լուրջ ընտրական խախտումներ ու ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ մտահոգություններ:
Չնայած թեկնածուների` ազատ քարոզչություն իրականացնելու հնարավորությանը` նախագահական ընտրությունների գործընթացը ներառել է անաչառության պակաս պետական կառավարման մարմինների կողմից, պետական միջոցների չարաշահում` իշխող կուսակցությանը աջակցելու նպատակով, ընտրակաշառք բաժանելու արժանահավատ մեղադրանքներ, շարունակական թերություններ Ընտրական օրենսգրքում, ինչպես նաև` բողոքներն ու գանգատները քննելու անարդյունավետ համակարգ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նկատել է նաև հետևյալ միտումը. այն ընտրատեղամասերում, որտեղ մարդկանց մասնակցությունը միջինից բարձր է եղել, պաշտոնական արդյունքներով հաղթել է Սերժ Սարգսյանը, ինչը խոսում է «քվեարկության ու ձայների հաշվարկման ընթացքում հնարավոր լուրջ խնդիրների մասին», որը, իր հերթին, «հարցականի տակ է դնում ընտրական գործընթացի ամբողջականության արժանահավատությունը»:
Դատարանները քաղաքական ճնշման են ենթարկվել գործադիր մարմնի կողմից, ինչը հանգեցրել է քաղաքական շարժառիթներ ունեցող մի շարք դատական հետապնդումների ու վճիռների: Բոլոր փուլերում Վճռաբեկ դատարանը զգալի վերահսկողություն է իրականացնում դատավորների որոշումների վրա:
Տարվա ընթացքում գրանցված այլ խախտումների թվում են ոչ մարտական պայմաններում գրանցված մահերը բանակում, զինվորների նկատմամբ ոնտձգությունները սպաների և մյուս զինծառայողների կողմից, ու նման գործողությունների համար պատասխանատվության բացակայությունը: Ոստիկանությունը, ենթադրաբար, շարունակել է խոշտանգումների միջոցով խոստովանական ցուցմունքներ ստանալ, ինչպես նաև`քաղաքացիներին ծեծի ենթարկել ձերբակալության ու հարցաքննության ժամանակ:
Իշխանությունները շարունակել են առանց հիմնավոր պատճառների ձերբակալել բազմաթիվ կասկածյալների, կամայականորեն կալանավորել անհատների: Դատական գործընթացները հիմնականում երկար են ձգվում, իսկ դատարանները արդար դատավարություններ ապահովող օրենքներ չեն կիրառում:
Տարեվերջի դրությամբ` իշխանությունները 2008 թվականի նախագահական ընտրությունների հետընտրական բախումների հետևանքով գրանցված տասը մահերի համար որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել: