Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի խումբ պատգամավորների հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին։
Փաթեթի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը երեկ հանձնաժողովի նիստում ներկայացրել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին հնարավորություն կտրվի երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) գովազդ:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակները հիմնավորել են, որ, մի կողմից, նշված ժամերին բնակչության անչափահաս հատվածը չի դիտում հեռուստատեսություն, հետևաբար, գործող օրենքի տրամաբանական սահմանափակումները մնում են ուժի մեջ, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունում սպառվող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, գործող օրենքի սահմանափակումներով պայմանավորված, մեր երկրի համար չեն նախատեսում գովազդային բյուջեներ, ինչը տարեկան կտրածքով բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են։
Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ, գովազդատուների կողմից, գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով, տարեկան մինչև լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը, նշում է Ազգային ժողովի կայքը: