Ագզային ժողովն իր այսօրվա նիստում մերժել է ՀԱԿ խմբակցության՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը։ Նախագծին դեմ են քվեարկել 66 պատգամավոր, 46-ը կողմ են եղել, 1-ը՝ ձեռնպահ։
Նախագծին աջակցում էին ոչ իշխանական 4 ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը։
Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ նախաձեռնության օգտին պետք է քվեարկեն բոլոր նրանք, ովքեր իսկապես ցանկանում են՝ մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտվեն։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իր հերթին, հայտարարել է, որ իշխող կոալիցիան դեմ է քվեարկելու, քանի որ նմանատիպ նախորդ հանձնաժողովների աշխատանքի փորձը ցույց է տվել ֆորմատի ոչ արդյունավետ լինելը։ Նրա խոսքով՝ իշխող մեծամասնությունը դեմ է հանձնաժողովի միջոցով «քաղաքական շոու ստեղծելուն»։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ նախորդ հանձնաժողովը տվյալ հարցի հետ որևէ առնչություն չունի։ Զուրաբյանի խոսքով՝այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմիններն արդարադատությանը խոչընդոտելու ինչ փորձեր են արել։
Զուրաբյանն ասել է, որ հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկողներն իրենց վրա են վերցնում արդարադատության խոչընդոտման և արյան համար պատասխանատվությունը։