Արցախի 32 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, եթե կառավարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն վտարեն իրենց շենքից՝ պարտադրելով տեղափոխվել կոմունալ հարմարություններից զուրկ և պակաս քառակուսիներով բնակարաններ։ Այս մասին բնակիչները պատմել են հանրակացարան այցելած Epress.am-ի թղթակցի հետ զրույցում։ Նշենք, որ ՀՀ կառավարության և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն, այդ տարածքը պետք է հանձնվի ընկերությանը, իսկ բնակիչները՝ բնակարաններով ապահովվեն։
Բնակիչները, որոնց հիմնական մասը «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցներ են, նշել են, որ դժգոհությունը կապված է փոխհատուցման անհամաչափ պայմանների հետ․ Արցախի 42 հասցեում առաջարկվող խարխուլ բնակարաններն անհամեմատ փոքր են իրենց ունեցած բնակարաններից, սանհանգույցներն ընդհանուր են, խոհանոց չկա։
«Գոնե էնպիսի շենք տան, որ կումունալ հարմարություններ լինեն՝ 12 քմ են տալիս, ասում են՝ զուգարան, բաղնիք, խոհանոց սարքի, դուռն ու լուսամուտն էլ դիր ապրի», – նշել է բնակիչներից մեկը։
Նշենք, որ բողոքողների ներկայիս բնակարաններն ամենևին էլ բարվոք վիճակում չեն, բացի դա, հանրակացարանը գտնվում է երկաթուղային դեպոյի հսկվող տարածքում, որտեղ մուտքն ու ելքն անցաթղթով է։ Այնուամենայնիվ, նրանք վախենում են կորցնել նաև եղածը։
Ներկայիս բնակարանների սանհանգույցը
Բնակիչների խոսքով՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչներն իրենց պարտադրում են տեղափոխվելու գրավոր համաձայնություն տալ, իսկ հակառակ դեպքում ոստիկանությունն ապրիլի 1-ից «ուղղակի դուրս կշպրտի»։
«21 տարուց ավել այստեղ եմ ապրում, 13 հոգանոց ընտանիքին 41 քմ տարածք են հատկացնում, ո՞նց եմ 13 մահճակալ տեղավորելու էդքան տարածքում, չգիտեմ։ Իսկ իրենք մեզ լսել անգամ չեն ուզում, միայն սպառնում են։ Մենք այս աղբանոցում այսքան տարի ապրել ենք ու չենք բողոքել, բայց հիմա առաջարկվողի հետ եթե համեմատենք, սրանք պալատներ են», – ասել է Անուշ Խեչումյանը։
Բնակիչները նշում են, որ շենքի 12 ընտանիքի ճակատագիրը կախված է անհայտ անձանցից, իսկ կառավարության որոշում գոյություն չունի։
«Հարցնում ենք՝ ո՞ւր ա կառավարության որոշումը, ասում են՝ «երբ որ կստորագրես՝ էն ժամանակ էլ կլինի»։ Ստորագրենք, որ շան պես հանեն վարոտներից գցեն դուրս, ու էն ժամանակ էսքան ժողովրդով հայտնվենք փողոցում։ Եթե դուք կայուն մարդ եք ու կա էնպիսի օրենք, որ մենք պետք է ազատենք այս տարածքը, ուրեմն մարդավարի պայմաններ տվեք, գնանք, մարդու նման ապրենք», – բողոքել է Նաիրա Հովհաննիսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրեն առաջարկվող 24 քմ տարածքում պետք է բնակվի իր երկու երեխաների, հիվանդ մոր հետ։
«Հեսա զինվոր եմ ուղարկելու, գնում ա ո՞ւմ համար ծառայի՝ էս իշխանությա՞ն։ Հավաքարարություն անելով ինչ եմ կերցնում էդ զինվորին, որ վաղն էլ գան ու տանեն հայրենիքի համար ծառայելու, հայրենիքն էլ մեզ հանի շպրտի փողոց։ Եթե մեր հարցը նորմալ չլուծեն, ամենածայրահեղ միջոցին դիմելու ենք», – եզրափակել է բողոքող կինը։