Արդեն մի քանի ամիս կալանքի տակ գտնվող մեղադրյալներ Գոր Բարնաուսովի և Արմեն Զարաֆյանի գործում լուրջ խախտումներ կան։ Այս մասին երեկ կայացած դատական նիստից հետո հայտարարել է Գոռ Բարնաուսովի պաշտպան Ալվարդ Մնացականյանը։
Բարնաուսովն ու Զառաֆյանը մեղադրվում են ծանր հանցագործության՝ խմբակային ծեծի մեջ, մինչդեռ իրենք պնդում են, որ 2013 թվականի մարտի 1-ին 3-5 րոպե տարբերությամբ մեկական հարված են հասցրել տուժող Արմեն Պողոսյանին։ Տուժող Արմեն Պետրոսյանը դատարանում նույնպես նշել է, որ ամբաստանյալները առանձին-առանձին են հարվածել իրեն, և որ ինքը հարբած է եղել, հայհոյել է ու այժմ որևէ պահանջ չունի նրանցից։
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, երեկվա դատական նիստին Ալվարդ Մնացականյանի պահանջով դատարան էին ներկայացել գործով ընթերակաները՝ Արսեն Մկրտումյանը և Ալիսա Նալչաջյանը: Նրանց հարցեր ուղղելուց հետո պարզվել է, որ վերջիններս ընթերակա հանդես գալու ընթացքում Շենգավիթի ոստիկանության բաժնում պրակտիկանտ են եղել, որը, ինչպես նշում է Մնացականյանը, քրեադատավարական կոպիտ խախտում է, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի` «ընթերական քրեական գործով չշահագրգռված ՀՀ չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը…»:
Նշենք, որ ընթերականերից մեկը՝ Ալիսա Նալչաջյանը, այսօրվա դրությամբ արդեն քննիչ է աշխատում։